Եթե Հայաստանը ընտրում է ԵՄ-ն, հետևանքներն արդեն պետք է հիմա սկսվեն․ Դմիտրի Սուսլով
05 Հունիսի 2026, 21:29
ՌԴ Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական սահմանափակումները, «Ուժեղ Հայաստան» դաշինքի հնարավոր հեռացումը խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև Ռուսաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի հետ։
«Ռուսաստանում տարբերակում են Հայաստանը և հայ ժողովրդին՝ մի կողմից, և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը՝ Փաշինյանի կառավարությունը՝ մյուս կողմից։ Վերջինս ռազմավարական ընտրություն է կատարել՝ անցնելու Ռուսաստանի հակառակորդի կողմը։ Խոսքն այն կողմի մասին է, որը Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում Ուկրաինայի միջոցով և պատրաստվում է նաև բաց ռազմական գործողությունների։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ կվերահսկի այս անցումային գործընթացը և այն կդարձնի հնարավորինս հարթ, հարմարավետ և անվտանգ հենց իր համար։ Այսինքն՝ պահպանելով ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում, պահպանելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում և վայելելով անդամակցության բոլոր առավելությունները, մինչև ԵՄ-ն որոշումներ կայացնի Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը արագացնելու համար։
Եվ երբ այդ պահը գա, ՀՀ իշխանությունները կընդունեն որոշումներ Գյումրիում ռուսական ռազմաբազայի փակման, ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալու, ԵԱՏՄ-ից դուրս գալու և հնարավոր ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։
Բայց Ռուսաստանն այս խաղի մեջ մտնելու մտադրություն չունի։ Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանը վերահսկի և ղեկավարի ռուս-հայկական հարաբերությունների աստիճանական թուլացման գործընթացը։ Եթե Հայաստանը որոշում է ընդունում վերակողմնորոշվել դեպի ԵՄ և ինտեգրվել Եվրոպական միությանը, ինչը հայտարարվել է անցյալ տարի խորհրդարանի ընդունած օրենքով, ապա Ռուսաստանի տեսանկյունից դրա հետևանքները պետք է սկսվեն անմիջապես»,- նշել է նա։
Այպիսով, ըստ Դմիտրի Սուսլովըի, Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և զրկվի բոլոր առավելություններից, որոնք ստանում է ռուսական շուկայի, այդ թվում՝ աշխատաշուկայի, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրների շուկաների հասանելիության շնորհիվ։
«Հենց դրա համար Ռուսաստանը կոչ է անում հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե, որի արդյունքում պարզ կդառնա, թե ուր է գնում Հայաստանը և ինչ է ցանկանում հայ ժողովուրդը։ Եթե ժողովուրդը ցանկանում է ինտեգրվել ԵՄ-ին, հետևանքները պետք է լինեն անմիջապես։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում, հետևանքները պետք է կրեն Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, քանի որ դա կլինի գնահատական՝ նրանց վարած քաղաքականության համար։
Եթե հետագայում սկսվեն նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև ռազմական կամ անվտանգության ոլորտում համագործակցություն, ինչը սպառնալիք կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար, ապա հնարավոր են այլ որոշումներ», — ասել է Սուսլովը։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, փորձագետի խոսքով՝ եթե այն հեռացվի խորհրդարանական ընտրություններից, հնարավոր է, որ Ռուսաստանը չճանաչի ընտրությունների արդյունքները։
«Սա ժողովրդավարական նորմերի կոպիտ խախտում է։ Անհնար է խոսել ազատ և ժողովրդավարական ընտրությունների մասին, երբ քվեարկությունից երկու օր առաջ հեռացվում է հայտնի ընդդիմադիր կուսակցություն։ Կարծում եմ, որ եթե դա տեղի ունենա, Ռուսաստանը կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ավելին, հետևանքները նույնիսկ կարող են արագանալ, և Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած միջոցները կստանան ավելի կոշտ քաղաքական ու դիվանագիտական բնույթ՝ ի հավելումն տնտեսական սահմանափակումների։
Իհարկե, արդեն միայն այս հարցի քննարկումը ցույց է տալիս հայկական քաղաքական գործընթացի «մոլդովականացման» գիծը։ Նման մեթոդաբանություն կիրառվել է նախկինում Մոլդովայում՝ հետխորհրդային այն պետությունների ղեկավարների համար, որոնք կողմնորոշվում են դեպի Եվրոպա և դառնում Ռուսաստանի դեմ պայքարի գործիք։
Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայիս հայկական կառավարությունը վերածվել է Եվրոպական միության և եվրոպական բյուրոկրատիայի քաղաքականության իրականացման գործիքի։ Ներկայիս իշխանությունները փաստացի մասնակցում են Ռուսաստանի դեմ «պատերազմին»։
Մեր տեսանկյունից սա չի վերաբերում ժողովրդավարությանը։ ԵՄ-ն շահագրգռված է Փաշինյանի վերարտադրությամբ՝ ցանկացած միջոցով, անգամ ամենահակաժողովրդավարական և ռեպրեսիվ մեթոդներով, որպեսզի օգտագործի Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ։
Հենց դրա համար Ռուսաստանը հայտարարում է, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական լինել Հայաստանի համար։ Խոսքը միայն արտաքին քաղաքական կողմնորոշման մասին չէ․ վտանգված են նաև Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը։
Եթե Կարապետյանի կուսակցությունը հեռացվի ընտրություններից երկու օր առաջ, մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը չի ճանաչի ընտրությունների արդյունքները։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա։ Ռուսաստանի տեսանկյունից նա կդառնա վարչապետի պաշտոնը ապօրինի զբաղեցրած անձ, և նրա հետ ոչ ոք չի բանակցի։ Դա բացառում է հետագա երկխոսությունը նրա հետ որպես Հայաստանի վարչապետ», — նշել է Սուսլովը։
Փորձագետի խոսքով՝ ռուսական և ԵԱՏՄ երկրների շուկաներից զրկվելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել չափազանց դժվար տնտեսական իրավիճակում։