Արևմուտքին հետաքրքրում են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները․ Մարիա Զախարովա
06 Հունիսի 2026, 11:45
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ապագային վերաբերող հարցերին։
««Խլել, թալանել, յուրացնել, նվաստացնել և ոչնչացնել» մոտեցման տրամաբանությունը, ցավոք, Արևմուտքում դեռ կենդանի է, և նրանք այն կիրառում են նաև Կովկասում։ Տեսեք՝ այժմ ԱՄՆ ներկայացուցիչ է ժամանել Հայաստան։ Նա երկու կողմերի համար պարտադիր ուժ ունեցող միջազգային պայմանագրեր չի կնքել, որովհետև դա կնշանակեր հավասարություն։ Փոխարենը ստորագրվել են որոշ հռչակագրային փաստաթղթեր, սակայն ակնհայտ է նրանց, ինչպես իրենք են ասում, հետաքրքրությունը ռեսուրսատար և հազվագյուտ հողային ոլորտների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունեն։
Այսինքն՝ որևէ պատասխանատվություն չեն ստանձնում, բայց փորձում են ամրագրել վերահսկողությունն այն ոլորտների նկատմամբ, որոնք կարևոր են ապագա զարգացման համար՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը։ Ահա սա է նրանց մոտեցումը, և սա պայքար է»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել և շարունակում է առաջարկել փոխշահավետ, փոխարդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն բոլոր ուղղություններով՝ էներգետիկայից մինչև առևտուր և զբոսաշրջություն։
«Սա թղթի վրա մնացած մտադրությունների հռչակագիր չէ, ոչ էլ PR-արշավ է, երբ գալիս են, ստորագրում, ձեռք են սեղմում, հետո հեռանում ու մոռանում։ Ուզում եմ մեկ այլ օրինակ էլ բերել․ Երևանում Ռուբիոյի հետ այժմ ստորագրված փաստաթղթերի նմանատիպ փաստաթղթեր ստորագրվել էին նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք։ Ի՞նչ է դրանցից իրականացվել՝ կցանկանայի հարցնել։
Այն, ինչ ստորագրվում է մեր կողմից, իրականացվել է և շարունակում է իրականացվել՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուստի պետք չէ այս ամենին պարզունակ մոտենալ։ Խոսքը պասիվ գործընթացների մասին չէ, օրինակ՝ անձրև եկավ կամ որոտ հնչեց։ Խոսքը միջազգային հարթակներում և համաշխարհային գործերում ակտիվ աշխատանքի մասին է՝ պաշտպանելու այն սկզբունքները, որոնք մեր քաղաքակրթության հիմքն են։
Ոչ թե բարբարոսություն, նացիզմ, ֆաշիզմ, ստրկավաճառություն, գաղութատիրություն կամ վայրի իմպերիալիզմ, որը հիմնված է ուրիշների ճնշման վրա, այլ հավասար, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց հիմքում իրավունքն է, օրինականությունը, ինչպես նաև միմյանց ավանդույթների ու շահերի հաշվառումը»,- նշել է Զախարովան։