Համեստ միլիարդատերն ու Հայաստանի ազգային հերոսը․ Քըրք Քըրքորյան
06 Հունիսի 2026, 22:00
Ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ներգաղթյալների ընտանիքում։ Մանկուց նա սովոր էր ծանր աշխատանքի․ 9 տարեկանից աշխատում էր որպես ավտոմեխանիկ, զբաղվում էր բռնցքամարտով և օգնում ընտանիքին։
Երիտասարդ տարիներին Քըրքորյանը տարվել է ավիացիայով, ավարտել օդաչուների դպրոցը և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես օդաչու-հրահանգիչ բրիտանական ռազմաօդային ուժերում՝ բոմբակոծիչներ տեղափոխելով Ատլանտյան օվկիանոսով ։Հենց այդ վտանգավոր թռիչքների շնորհիվ վաստակած գումարն էլ դարձավ նրա սկզբնական կապիտալը։
Պատերազմից հետո նա հիմնադրել է «Los Angeles Air Service» չարտերային ավիաընկերությունը, որը հետագայում վերածվել է «Trans International Airlines»-ի։ Քըրքորյանը բացառիկ ձեռնարկատիրական հոտառություն ուներ․ գնում էր հին ինքնաթիռներ, վերանորոգում դրանք և վաճառում զգալի շահույթով։ Շուտով նրա հետաքրքրությունները տեղափոխվել են Լաս Վեգաս, որտեղ նա դարձել է ժամանցային արդյունաբերության ամենաազդեցիկ ներդրողներից մեկը։ Քըրքորյանը կառուցել է խոշորագույն հյուրանոց-խաղատները, այդ թվում՝ «International Hotel»-ը և «MGM Grand»-ը՝ հիմք դնելով ժամանակակից Լաս Վեգասի՝ որպես համաշխարհային մեգա-հանգստավայրերի կենտրոնի։ 1970-ականների կեսերին նա վերահսկում էր քաղաքի հյուրանոցային բիզնեսի շուրջ 40 տոկոսը։
1969 թվականին Քըրքորյանը ձեռք է բերել «Metro-Goldwyn-Mayer (MGM)» կինոստուդիան։ Նա մի քանի անգամ վաճառել և կրկին գնել է այն՝ ամեն անգամ ստանալով հսկայական շահույթ։ Նրա ունեցվածքը տարբեր տարիներին գնահատվել է միլիարդավոր դոլարներով ։ 2007 թվականին «Forbes» ամսագիրը նրան դասել է աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում՝ գնահատելով նրա կարողությունը 18 միլիարդ դոլար։
Չնայած իր հսկայական հաջողություններին՝ Քըրքորյանը մնացել է բացառիկ համեստ մարդ՝ խուսափելով հանրային ուշադրությունից և փառքից։ Նա մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին․ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ֆինանսավորել է մարդասիրական օգնության տեղափոխումը, իսկ հետագայում հիմնադրել է «Լինսի» հիմնադրամը, որի միջոցով ավելի քան մեկ միլիարդ դոլար հատկացվել է ճանապարհների, դպրոցների, հիվանդանոցների և աղետից տուժածների բնակարանաշինության ծրագրերի համար։ Սկզբունքորեն նա հրաժարվում էր, որ իր անունը հավերժացվի շենքերի կամ փողոցների վրա։
2004 թվականին Քըրք Քըրքորյանն արժանացել է ՀՀ բարձրագույն պարգևին՝ «Հայաստանի ազգային հերոսի» կոչմանը։
Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին Լոս Անջելեսում՝ 98 տարեկան հասակում։ Նրա կենսագրությունը պատմությունն է այն մարդու, որն ավտոմեխանիկից և օդաչուից դարձել է միլիարդատեր՝ փոխելով Լաս Վեգասի դեմքը և անգնահատելի օգնություն ցուցաբերելով իր պատմական հայրենիքին։ Նա հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ որպես մեծ ձեռնարկատեր, բարերար և հայկական սփյուռքի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։