Զախարովան՝ Հայաստանի համար ԵՄ-ի առաջարկների և հայկական հասարակությունում առկա խոր պառակտման մասին
10 Հունիսի 2026, 15:09
Եվրամիությունն իր ներկայիս տեսքով Հայաստանին ոչինչ չի կարող առաջարկել և միայն փորձում է վնասել Ռուսաստանի հետ նրա պատմական կապերը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կցանկանայի հիշեցնել Կայա Կալասի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և մյուսների հայտարարությունների համատեքստում, որ Հայաստանը նույնիսկ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չունի, մինչդեռ Բրյուսելում արդեն խոսում են ինչ-որ «եվրոպական ապագայի» մասին՝ այդպես էլ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ է ենթադրվում այդ արտահայտության տակ։ Եվրամիությունն իր ներկայիս տեսքով չի կարող գործընկերներին առաջարկել այլ բան, քան տնտեսական լճացում, անիմաստ սպառազինությունների մրցավազք և վտանգավոր արտաքին քաղաքական արկածախնդրություններ, այդ թվում՝ հակառուսական և ռուսատյաց քաղաքականությանը միանալը», — ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ դեռևս մինչև քվեարկությունը եվրոպական կառույցները գիտակցաբար պարտադրել են հայկական հասարակությանը կեղծ երկընտրանք՝ խորհրդարանական ընտրությունները ներկայացնելով որպես ընտրություն Եվրամիության և Ռուսաստանի միջև։
«Ի՞նչ կապ ունի սա իրականության հետ։ Սա ցինիկ մանիպուլյացիա է, որը որևէ առնչություն չունի հայ ժողովրդի իրական շահերի հետ։ Նպատակն ակնհայտ է՝ ներսից պառակտել Հայաստանը, մարդկանց բաժանել միմյանցից՝ անտեսելով անգամ նրանց ազգակցական կապերը, խարխլել մեր երկրների պատմական սոցիալ-տնտեսական հարաբերությունները, ընդլայնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում և Երևանը տրամադրել Ռուսաստանի ու այն պետությունների դեմ, որոնք պատրաստ չեն պարել եվրալիբերալ էլիտաների սրինգի տակ», — նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում ձևավորված մթնոլորտը, ինչպես նաև քվեարկության կանոնների խախտումների վերաբերյալ փաստերով հաստատված բազմաթիվ հաղորդումները, Ռուսաստանի համար հարցեր են առաջացնում։
«Այդ հարցերից մեկն այն է, թե որքանով են Երևանում պատրաստ գործնականում հետևել Հայաստանի ղեկավարության կողմից հռչակվող ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին։ Առաջարկում եմ սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին։ Մոսկվայում ամենայն ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող իրադարձություններին», — ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ստեղծված իրավիճակն արդեն իսկ ունի կոնկրետ հետևանքներ՝ հանգեցնելով, իր բնորոշմամբ, «հայկական հասարակության մեջ խոր և վտանգավոր պառակտման»։
«Իմ կարծիքով՝ ցանկացած քաղաքական և պետական գործչի, հատկապես իշխանության ղեկին գտնվողի հիմնական առաքելություններից մեկը ազգի միավորմանն աջակցելն է։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի երկրի, ինչպիսին Հայաստանն է։ Այդ միասնականությունը պետք է պահպանել և ամրապնդել։ Դա հպարտության և արժեքավոր ձեռքբերման առարկա է, որը պետական գործիչը պետք է առաջին հերթին գրանցի իր ակտիվում», — եզրափակել է Զախարովան։