«Նոր Հոլիվուդի» ձայնը. Մարդիկ Մարտին

15 Հունիսի 2026, 22:00

Հայեր

Կինոսցենարիստ Մարդիկ Մարտինը ծնվել է 1934 թվականի հունիսի 15-ին Իրանի Աբադան քաղաքում ՝ Ցեղասպանությունը վերապրած հայ փախստականների ընտանիքում ։ Նրա մանկությունն անցել Է Իրաքում, որտեղ ընտանիքն ապրում էր բարեկեցիկ կյանքով, սակայն երիտասարդը լքել է երկիրը ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Գրեթե առանց միջոցների հասնելով Նյու Յորք՝ երիտասարդն առաջին տարիներին վաստակել է իր ապրուստը սպասք լվանալով, որպեսզի կարողանա վճարել Նյու Յորքի համալսարանում իր ուսման վարձը։

Հենց այնտեղ ՝ 1961 թվականին, նա ծանոթացել է Մարտին Սկորսեզեի հետ։ Նրանց բարեկամությունն ու ստեղծագործական միությունը ճակատագրական են դարձել։ Նրանք միասին գրել են սցենարներ բառացիորեն Սկորսեզեի հին մեքենայի մեջ՝ ձմռան ցրտին ու ձյան տակ։ Առաջին համատեղ աշխատանքը «it ‘ s Not Just You, Murray!» և «Witch Season» կարճամետրաժ ֆիլմերը, հիմք են դրել հետագա մեծ հաջողությունների համար:

1973 թվականին թողարկվել է «Չար փողոցները» (Mean Streets) ֆիլմը, որը բեկումնային է դարձել թե Մարդիկ Մարտինի, թե Սկորսեզեի համար։ Մարտինն աշխատել է «New York, New York» (1977) և «Raging Bull»(1980) ֆիլմերի սցենարների վրա, որոնք ընդգրկվել են Ամերիկայի սցենարիստների գիլդիայի լավագույն 101 սցենարների ցանկում ։ Այդ ֆիլմում նրա ներդրումը հատկապես նշանակալի էր․ սցենարի առաջին երեք տարբերակները գրել էր հենց նա, իսկ հետո լրամշակել է Փոլ Շրյոդերը։

Բացի Սկորսեզեի հետ համագործակցությունից, Մարտինը սցենարներ է գրել «Valentino» (1977), «The Last Waltz» (1978) ֆիլմերի համա, իսկ արդեն 21-րդ դարում աշխատել է Ֆաթիհ Աքինի «The Cut»(2014) ֆիլմի սցենարի վրա, որն արժանացել է բարձր գնահատականի Վենետիկի կինոփառատոնում ։

1968-1973 թվականներին նա դասավանդել է սցենարական վարպետություն Նյու Յորքի համալսարանում, իսկ ավելի ուշ դարձել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կինեմատոգրաֆիայի դպրոցի պրոֆեսոր՝ կրթելով երիտասարդ կինոգործիչների մի ամբողջ սերունդ։ Նրա ուսանողները նրան հիշում են որպես խիստ, բայց ոգեշնչող մանկավարժի, ով կարողանում էր բացահայտել և զարգացնել տաղանդը։

Մարդիկ Մարտինը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին՝ իր 85-ամյակից մի քանի օր առաջ։ Նրա կյանքը մի մարդու պատմություն է, որն աղքատ ներգաղթյալից դարձել է համաշխարհային կինոյի ճանաչված սցենարիստներից մեկը և իր անջնջելի հետքը թողել կինոարվեստի պատմության մեջ։ Նրա անունն ընդմիշտ կապված է «Նոր Հոլիվուդի» ոսկե դարաշրջանի և Մարտին Սկորսեզեի ստեղծագործության հետ։

Հիմա եթերում