Ներկա իրողություններում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն անհեթեթություն է. Դենիս Դենիսով

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հնարավոր ռիսկերը:

«ԵՄ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել հայկական արտադրանքը ցանկացած ծավալով ընդունելու պատրաստակամության մասին։ Սովորաբար գործընկերային ծրագրերի շրջանակներում մշակվում են երկկողմ ռեժիմներ կամ քվոտաներ: Հայաստանում անցում է կատարվում ԵՄ չափանիշներին, և արտադրանքի մի մասն իսկապես կարող է եվրոպական շուկա մուտք գործել արտոնյալ պայմաններով։ Բայց հարցը մնում է. արդյոք դա կարող է փոխհատուցել ռուսական շուկայի հնարավոր փակումը: Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տանիս, որ ԵՄ-ի հետ ինտեգրումը միշտ չէ, որ հանգեցնում է տնտեսության աճի։ Ուստի անհրաժեշտ է համալիր վերլուծություն՝ հիմնված ԵՄ-ի և Հայաստանի միջև կոնկրետ փաստաթղթերի վրա։

Քանի դեռ նման փաստաթղթեր չկան, ամեն ինչ մնում է անորոշ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի նախաշեմին հայտարարություններ են հնչում հնարավոր մեղմացումների մասին, սակայն հստակություն է պետք՝ հասկանալու համար, թե որքանով է դա իրապես փոխհատուցելու ռուսական շուկան»,- նշել է Դենիսովը։

Փորձագետի խոսքով՝ անհրաժեշտ է շատ ուշադիր վերլուծել այն ռիսկերը, որոնք կրում է Հայաստանի հնարավոր վերակողմնորոշումը դեպի եվրոպական շուկա:

«Այն ավելի քան 30 մլն եվրոն, որը Եվրահանձնաժողովը մտադիր է Հայաստանին տրամադրել որպես օգնություն և աջակցություն, քանի որ ՌԴ-ն արգելափակել է մի շարք ապրանքատեսակների մատակարարումն իր շուկա, տակտիկական առումով, հնարավոր է, կարողանա որոշակի աջակցություն ցուցաբերել հայ արտադրողներին։ Չնայած այստեղ էլ հարց է մնում՝ այդ միջոցներն անմիջապես կհասնե՞ն արտադրողներին, թե՞ կտեղավորվեն տարբեր պետական հիմնադրամներում, որից հետո կառավարությունն ինքնուրույն կորոշի, թե ում տրամադրի սուբսիդիաները, իսկ ում՝ ոչ։

Բայց ռազմավարական հեռանկարում այդ միջոցները դժվար թե կարողանան արմատապես փոխել իրավիճակը կամ ազդել ընդհանուր տնտեսական դրության վրա։ Եվ այստեղ անհրաժեշտ է շատ ուշադիր վերլուծել ու կշռադատել այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնք կրում է Հայաստանի հնարավոր վերակողմնորոշումը դեպի եվրոպական շուկա։ Թեև ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին պաշտոնապես դեռ ոչ ոք չի հայտարարել, նման սցենարի մասին խոսակցություններն ավելի հաճախ են հնչում»,- ասել է Դենիսովը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն՝ քաղաքագետը նշել է, որ երկիրը փաստացի չունի իրական այլընտրանքներ անվտանգության այլ ձևաչափերի ընտրության հարցում:

«Արդյոք Հայաստանին ձեռնտու է մնալ ՀԱՊԿ-ում, թե՞ նրան ավելի ձեռնտու է դուրս գալ կազմակերպությունից։ Հիմա կա՞ն իրական այլընտրանքներ: Իմ կարծիքով՝ ոչ։ Կարելի է շատ խոսել այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը։ Բայց, մյուս կողմից, մենք շատ լավ հասկանում ենք, որ ներկա պայմաններում ամենևին էլ փաստ չէ, որ դաշինքի անդամների համար ընդհանրապես արդիական է Հայաստանի նման պոտենցիալ խնդրահարույց անդամի միանալու հարցը։ Երկրորդ՝ Հայաստանը դժվար թե այսօրվա դրությամբ համապատասխանի ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին։

Հետևաբար, դուրս գալ կարելի է, բայց արդյոք Հայաստանը չի կորցնի անվտանգության ոլորտում իր ներուժի մի մասը։ Իհարկե կկորցնի։ Ի՞նչ այլընտրանք կա. մի կողմից կարելի է խոսել ՆԱՏՕ-ի մասին, մյուս կողմից՝ ընդհանրապես ոչ մի ռազմաքաղաքական դաշինքի մեջ չմտնել։ Բայց այդ դեպքում անհրաժեշտ է լրջորեն զարգացնել սեփական զինված ուժերը։ Արդյոք այսօր Հայաստանն ունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Կարծում եմ՝ ոչ: Այդ պատճառով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումները, անշուշտ, կշարունակվեն, բայց լիարժեք խզում դեռևս տեսանելի չէ»,- ասել է Դենիսովը։