ՍԴ-ում տեղի ունեցավ երրորդ բացահայտումը․ Վարդևանյան
29 Հունիսի 2026, 11:41
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումների միավորված գործի քննությունը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, իսկ վարչական դատարանի՝ վերաքվեարկություն իրականացնելու վերաբերյալ վճիռը չկատարելն ուղղակիորեն առնչվում է ընտրակեղծարարության հետ:
Փաստաբանը բացահայտում է համարում ՍԴ-ում ԿԸՀ նախագահի արած այն հայտարարությունը, թե ինքն անձամբ տեղեկացված է եղել ժամը 20:00-ից հետո տեղամասերում քվեարկության շարունակության մասին:
«Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար՝ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները: Ո՞վ է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպի ընտրական տեղամասում քվեարկության գործընթացը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ երրորդ բացահայտումը՝ ԿԸՀ նախագահն անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից: Ո՞ւմ միջոցով՝ ընտրական տեղամասի պատասխանատուի, ով, ի դեպ, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»,- նշել է Վարդևանյանը։
Լրագրողը, դիմելով Արամ Վարդևանյանին, հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ դատավորը իրեն շփոթեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ»։
«Ի դեպ, Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ, որովհետև 2021թ. վերջինս որպես ՔՊ ներկայացուցիչ մասնակցում էր ՍԴ նիստին: 2021թ. եղել եմ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ, Հովակիմյանը ևս»,- նշել է Վարդևանյանը: