Ավելի լավ է ԿԸՀ-ն փակել․ Հովհաննես Խուդոյանի կոշտ ելույթը ՍԴ-ում

01 Հուլիսի 2026, 13:30

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների քննության շրջանակներում ծավալուն և սուր ելույթով հանդես է եկել նաև իրավաբան Հովհաննես Խուդոյանը։ Իր եզրափակիչ խոսքում նա կենտրոնացել է ոչ թե առանձին կուսակցությունների շահերի, այլ ընտրողների սահմանադրական իրավունքների պաշտպանության վրա՝ ներկայացնելով ընտրական գործընթացում արձանագրված ապօրինություններն ու դրանց մաթեմատիկական ապացույցները։

Խուդոյանն արձանագրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տապալել է իր առաքելությունը և ընտրությունների ընթացքում դրսևորել բացարձակ անգործություն՝ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերով «զրո վարչական վարույթ» իրականացնելու պայմաններում։

«Եթե վերահսկողությունը երբեք չի աշխատելու վարչական վարույթներով կամ այլ ընթացակարգերով, ապա ինչի՞ համար այն ընդհանրապես գոյություն ունի, ինչի՞ համար առհասարակ գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե ԿԸՀ-ի աշխատանքը պետք է սահմանափակվի միայն ընտրական միջոցառումների կազմակերպմամբ և քվեարկության օրվա ընթացակարգերով, ավելի լավ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդհանրապես փակել և այդ գումարը պետական բյուջեից ուղղել «Դոմինո» վիդեո պրոդաքշնին (Domino Production), որը հաստատ ավելի լավ կկազմակերպի միջոցառումները»,- նշել է Խուդոյանը։