Սա միջազգային մակարդակի խայտառակություն է․ Իվետա Տոնոյան
06 Հուլիսի 2026, 18:40
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկություններին՝ տեղի ունեցողը որակելով քաղաքական ու տնտեսական հաշվեհարդար:
Նրա խոսքով՝ Ծառուկյանի առանձնատանը խուզարկությունը շարունակվում է արդեն շուրջ 9 ժամ, սակայն իրավապահները դեռևս որևէ հստակ տեղեկատվություն չեն տրամադրել, թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակներում են իրականացվում այդ գործողությունները:
«Փաստաբանները հայտնել են, որ ԲՀԿ առաջնորդն այս պահին որևէ կարգավիճակ չունի, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը դեռ ընթացքի մեջ է»,- հավելել է Իվետա Տոնոյանը։
Նա նաև նշել է, որ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող մի շարք ընկերություններում, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Վելնես» և «Մուլտի Սթոուն» ընկերություններում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում (ՀԱՕԿ) և «Օլիմպիավան» սպորտային համալիրում: Դրանց մեծ մասն, ըստ նրա, կապարակնքվել են, իսկ ՀԱՕԿ-ի աշխատանքը դադարեցվել է։
«Սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է, որովհետև սրանով շատ մեծ վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը։ Քաղաքակիրթ աշխարհում նման նախադեպ երբևէ չի եղել, որ դադարեցվի Ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը և կապարակնքվի վարչական շենքը: Առավել քան վստահ եմ, որ այս գործողության աղետաբեր հետևանքները ՀՀ իշխանությունները և այն անձինք, ովքեր ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում տեսնելու են»,- նշել է ԲՀԿ խոսնակը:
Տոնոյանը հավելել է, որ լրջագույն խնդիր է առաջացել նաև «Օլիմպիավան»-ում, որտեղ այս օրերին մարզվում են ԱՄՆ ըմբշամարտի հավաքականները, ինչպես նաև մարզվում է աշխարհի չեմպիոն, ինչը նույնպես հարվածում է երկրի վարկանիշին: