Մեր ընտանիքի նկատմամբ կատարվողն ակնհայտ ապօրինություն է․ Ռոզա Ծառուկյան

07 Հուլիսի 2026, 19:36

Քաղաքականություն

Մեր հայրն իր ընտանիքին միշտ հեռու է պահել քաղաքականությունից, երբևէ որևի առնչություն որևէ հարցի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ ապօրինի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի դուստրերը՝ Էմմա և Ռոզա Ծառուկյանները նաև անդրադարձել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների աուդիտի արդյունքներին, իրավապահների գործողություններին և Ծառուկյանների առանձնատնից կենդանիների տեղափոխման աղմկահարույց միջադեպին։

Էմմա Ծառուկյանի խոսքով՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում պարբերաբար իրականացվող աուդիտների ընթացքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ուստի իրավապահների նման գործողություններն անհասկանալի են։

Ռոզա Ծառուկյանն էլ նշել է, որ տեղի ունեցող գործընթացներն ակնհայտ ապօրինի են և դուրս են օրենքի շրջանակներից։ «Մեր քաղաքացիները, տեսնելով այս ամենը, պետք է հասկանան, որ դա կարող է թակել յուրաքանչյուրի դուռը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ դատական պրոցեսների միջով առաջին անգամ չէ, որ անցնում են։

«Մենք այս դատական պրոցեսներով անցել ենք, հայրս եղել է կալանքի տակ, այս պահին ամուսինս գտնվում է տնային կալանքում։ Մենք կարողանալու ենք դիմակայել ու այս փորձություններն անցնել, ամեն ինչ կանցնի։ Բայց կյանքում կան բաներ, որոնք կարող են հանգեցնել երկրում անդառնալի փոփոխությունների՝ ազդելով պետականության, կրոնի և մշակույթի վրա, և, հնարավոր է, այլևս չկարողանանք վերականգնել։

Հիմա մենք այս տոտալ անգրագիտության ու անարդարության պտուղներն ենք քաղում, որոնց սերմերը տարիներ առաջ են ցանվել։ Իսկ այսօր ցանվող սերմերի պտուղները, ցավոք, մի քանի տարի անց քաղելու են մեր երեխաները»,- ընդգծել է Ռոզա Ծառուկյանը։