Թվում է՝ Երևանը միացել է պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա

08 Հուլիսի 2026, 21:40

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ նշանակվելու մասին։ Նա հիշեցրել է անցյալ տարի մայիսի 9-ին՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակի օրը, հայկական հեռուստատեսությամբ նրա հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Արծրուն Հովհաննիսյանի նշանակմանը։ Անցյալ տարի նա հիշվեց սադրիչ հայտարարություններով, որոնք հնչեցին մայիսի 9-ին՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակի օրը, հայկական հեռուստատեսությամբ։ Մասնավորապես, նա փաստացի ափսոսանք էր հայտնել Ստալինգրադի ճակատամարտում Վերմախտի պարտության համար և պնդել, թե նացիստական Գերմանիայի ջախջախումն իբր ձախողել է «Մեծ Հայաստան» ստեղծելու Հիտլերի ծրագրերը», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակում, ինչպես նաև բարձր մակարդակի շփումների ընթացքում ընդգծվել է ընդհանուր Հաղթանակի հիշատակը պղծելու նմանօրինակ փորձերի անթույլատրելիությունը։ Ի պատասխան հայտարարվել է, որ դա «անձնական կարծիք է», որը չի արտահայտում պաշտոնական դիրքորոշումը, սակայն ՀՀ պետական մարմինների կողմից հանրային որևէ արձագանք չի եղել։ Իսկ այժմ Հովհաննիսյանին ղեկավար պաշտոնում նշանակելը հիմք է տալիս ենթադրելու, որ նման հայացքները վայելում են իշխանությունների աջակցությունը։

«Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում, ձգտելով մերձենալ Եվրոպային, միաժամանակ փորձում են ներառվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերագրման վտանգավոր միտումների մեջ։ Եվրոպայում նացիստների ու կոլաբորացիոնիստների գաղափարական ժառանգներն արդարացնում են Վերմախտի հանցակիցներին՝ նրանց մասնակցությունը հանցագործություններին ներկայացնելով որպես «պայքար հանուն անկախության»։

Այս գծի նպատակն է կործանել նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողությունը և նսեմացնել նրանց վճռորոշ դերը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Նման գործելաոճը վաղուց է արմատավորվել Մերձբալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներում, իսկ առավել ակտիվորեն այն իրականացնում է Կիևի նեոնացիստական ռեժիմը։ Հենց այդ պատճառով էլ Զելենսկուն մայիսին այնքան ջերմորեն ընդունեցին Երևանում՝ հարթակ տրամադրելով հակառուսական հայտարարությունների համար։

Մեր տեսանկյունից՝ սա դավաճանություն է հայ ժողովրդի սխրանքի հիշատակի հանդեպ, որի դուստրերն ու որդիները հսկայական ավանդ են ներդրել Հաղթանակի գործում։ Նացիզմի ցանկացած արդարացում պետք է արժանանա խիստ հանրային և պետական դատապարտման։ Ցավոք, Մեծ հայրենական պատերազմի պատմության խեղաթյուրման փորձերը լրացվում են Հայաստանի գործող իշխանությունների այլ քայլերով՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգությունը լռության մատնելով և Հայ Առաքելական Եկեղեցին վարկաբեկելով։

Թե որքանով է նման քաղաքականությունը համապատասխանում հայ հասարակության իրական ձգտումներին, պետք է գնահատեն հենց Հայաստանի քաղաքացիները», — ընդգծել է Մարիա Զախարովան։