Եթե Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարեի, այսօր ինձ անգործության համար կդատեին․ Ռոբերտ Քոչարյան

10 Հուլիսի 2026, 12:40

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքներին, Մարտի 1-ի իրադարձությունների նախաշեմին բանակի բարձրագույն հրամանատարության հետ ունեցած հանդիպմանը և արտակարգ դրություն հայտարարելու հիմքերին։

Երկրորդ նախագահը տեղի ունեցող դատավարությունը որակել է «աբսուրդի թատրոն»՝ շեշտելով, որ իր բոլոր գործողությունները բխել են այն ժամանակվա Սահմանադրությունից և ուղղված են եղել պետականության պահպանմանը։

«Ո՛չ նախաքննական մարմինը, և ո՛չ էլ դատախազներն այդպես էլ չեն հստակեցրել, թե որ գործողության շնորհիվ եմ գերազանցել իմ պարտականություններն ու լիազորությունները»,- նշել է նախագահը։

Անդրադառնալով Մարտի 1-ի երեկոյան արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ իրավիճակն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից, և ինքը պարտավոր էր գործել.

«Երբ ես ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել է մոտ 40 հրկիզված մեքենա, մի քանի տասնյակ բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողներ, և մեկ կապիտանը՝ շատ ծանր: Եւ հիմա քննիչը, 15 տարի անց, ասում է՝ դա ամեն ինչ չի… Այն ժամանակ ոստիկանական զորքերում 18-19 տարեկան ժամկետային զինծառայողներ էին։ Եվ հիմա ես տարիներ անց ասեմ՝ պե՞տք էր, թե՞ պետք չէր, ճի՞շտ էր, թե՞ ճիշտ չէր… Դա իմ լիազորությունների մեջ էր։ Կրկնում եմ՝ եթե ես այդ ժամանակ այդ քայլը չանեի, ինձ այսօր, իսկապես, պետք է դատեին անգործության համար»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։