Փաշինյանը փորձում է երկու աթոռի վրա նստել՝ Հայաստանը դարձնելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև սակարկության առարկա․ Սեմենովսկի

Քաղաքագետ Իգոր Սեմենովսկին Alpha News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամին, Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների կիրառմանը, միջազգային դիտորդների լռությանը և ընդդիմության նկատմամբ ճնշումներին։

Նրա խոսքով՝ ճգնաժամը չի սկսվել ո՛չ այսօր, ո՛չ էլ երեկ․ առաջին նշանները նկատելի էին դեռ հինգ տարի առաջ։ Ըստ նրա՝ Ռուսաստանի դիրքորոշումը, թեև ուշացումով, ակտիվացվել է այս տարվա ապրիլին՝ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ընթացքում․ «Այդ ժամանակ հստակ առաջարկ է հնչել՝ պետք է որոշել երկկողմ հարաբերությունների հետագա ուղին»։

Սեմենովսկին նշել է, որ Փաշինյանի՝ «երկու աթոռի վրա նստելու» փորձերի պատճառով երկիրը հայտնվել է անորոշ՝ «օդից կախված» վիճակում։ «Եթե Երևանը փոխում է քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա, ապա ԵԱՏՄ-ն պարտավոր չէ պահպանել նախկին տնտեսական արտոնությունները, ինչի մասին արդեն հուշում են կիրառվող մաքսային արգելքները։ Միևնույն ժամանակ, Մոսկվան ակտիվորեն ընդլայնում է կապերը Իրանի հետ, որն արդեն մեծ օգուտներ է ստանում Միության հետ կնքված ազատ առևտրի պայմանագրից»,- ընդգծել է նա։

Սեմենովսկին նաև ասել է, որ եվրոպական խոստումները զուտ ցուցադրական բնույթ ունեն։ ԵՄ-ի առաջարկած 51 միլիոն դոլարի աջակցությունը (որը մեկ շնչի հաշվով կազմում է մոտ 17 դոլար) կամ առանձին ապրանքների արտահանման հեռանկարները չեն կարող համեմատվել Ռուսաստանի հետ ունեցած իրական ցուցանիշների հետ, որտեղ միայն 2025 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 6,4 միլիարդ դոլար։

Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունն ամեն գնով փորձում է պահել ղեկը՝ օգտագործելով ընտրական օրենսդրության բացերն ու ձերբակալելով ընդդիմադիր առաջնորդներին՝ Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին։ «Այս ամենի ֆոնին եվրոպական կառույցները, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ն, տարօրինակ լռություն են պահպանում արձանագրված խախտումների վերաբերյալ, ինչը Եվրոպայի կողմից կիրառվող հերթական երկակի ստանդարտն է»,- նշել է նա։

Հիմա եթերում