Wildberries-ը և Ozon-ը վաճառողներին չեն փոխհատուցի ռազմական գործողությունների պատճառով կրած վնասները
18 Հուլիսի 2026, 17:01
Ռուսական հայտնի Wildberries առցանց առևտրային հարթակը հայտարարել է, որ չի փոխհատուցի վաճառողների կրած վնասները, եթե ապրանքները տուժել են ռազմական գործողությունների հետևանքով։
Ընկերությունից պարզաբանել են, որ Wildberries-ն ազատվում է պարտավորությունների չկատարման պատասխանատվությունից, եթե դա պայմանավորված է անհաղթահարելի ուժի հանգամանքներով։ Դրանց թվում են՝
1․ երկրաշարժը, ջրհեղեղը, բնական հրդեհը, փոթորիկը և բնական այլ աղետները.
2․ ցանկացած տեսակի աղտոտող կամ թունավոր նյութերի (հեղուկ, պինդ, գազանման) արտահոսքը կամ տարածումը.
3․ գործադուլները, քաղաքացիական անկարգությունները, ապստամբությունները, հանրահավաքները, ցույցերը կամ պիկետները.
4․ ռազմական կամ արտակարգ դրության սահմանումը, ռազմական, մարտական, պաշտպանական գործողությունները, ինչպես նաև սահմանված ցանկացած այլ հատուկ իրավական ռեժիմ.
5․ տեղաշարժի ցանկացած արգելքի սահմանումը (ներառյալ հաղորդակցության ուղիների փակումը).
6․ սպառազինության, ռազմական տեխնիկայի, թռչող սարքերի (ներառյալ ԱԹՍ-ների), խոցման միջոցների, զինամթերքի և դրանց մասերի կիրառման, ազդեցության, անկման, արձակման կամ գործարկման, ինչպես նաև գնդակոծությունների, պայթյունների և խոցման այլ միջոցների ցանկացած հետևանք՝ ներառյալ այն օբյեկտները, որոնք համարվում են վնասազերծված՝ չնայած տվյալ տարածքում պայթյունավտանգ առարկաների բացակայության մասին տրված ակտերի (կամ այլ փաստաթղթերի) առկայությանը։
Համանման փոփոխություններ է կատարել նաև Ozon ընկերությունը։