Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի
20 Հուլիսի 2026, 17:40
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ա. Կարաքեհյանի նախագահությամբ, բավարարել է Կարեն Ջալավյանի («Քյոխ») հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում և որպես փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100․000 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
Հերքման տեքստը պետք է հրապարակվի հետևյալ բովանդակությամբ․
«Հերքում՝ Կարեն Ջալավյանի (Քյոխի) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ։ Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հայտնած այն տեղեկությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, «Եղնիկներում» ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները»:
«Քյոխը» դատարան էր դիմել 2026 թվականի փետրվարի 26-ին՝ պահանջելով հերքել տարածված զրպարտությունն ու փոխհատուցել պատճառված վնասը 500․000 դրամի չափով։ Դատարանը հերքման պահանջը բավարարել է ամբողջությամբ, իսկ գումարի պահանջը՝ մասամբ։