Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ ՀՀ-ից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։

Գրառման «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը  ընթերցողի մոտ  կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը դեպի այդ երկիր առաջին արտահանման մասին է։ 

Դա են վկայում ֆեյսբուքյան գրառման տակ քաղաքացիների  մեկնաբանություները։

Նախարարի գրառումը լայնորեն տարածվել է նաև ինչպես մեդիա, այնպես էլ սոցիալական հարթակներում․ այն հրապարակել են տասնյակից ավելի կայքեր, ինչպես նաև ունեցել է ավելի քան 2000 հավանում ու 120-ից ավելի կիսում։ Դրանց բոլորի մեկնաբանություններում քաղաքացիները հարց են բարձրացրել՝ արդյոք առաջին անգամն է Հայաստանից ԱՄԷ ծաղիկ արտահանվում։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանից ծաղիկների արտահանման պաշտոնական վիճակագրությունը և պարզել, որ ծաղիկների  արտահանում դեպի ԱՄԷ գրանցվել է նաև նախորդ տարիներին։ 

Արտահանման ամենաթարմ ցուցանիշը․ 2026-ի հունվար-մարտ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին առևտրի վիճակագրության համաձայն՝ Հայաստանից ԱՄԷ կտրված ծաղիկներ և ծաղկակոկոններ  ապրանքախմբի արտահանումը հաշվառվում է երկու  չափման միավորով՝ կիլոգրամ/տոննայով և հատով։ 

Հասանելի ամենաթարմ վիճակագրական տվյալներով 2026 թ․-ի հունվար-մարտ ամիսներին արտահանվել է 903 կգ՝ 12․5 հզր ԱՄՆ դոլար և 110․600 հատ՝ 71․2 հզր ԱՄՆ  դոլար արժողությամբ ծաղիկ։ 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանից կտրված ծաղիկների և ծաղկակոկոնների արտահանման ծավալները զգալիորեն տատանվել են։

2025թ․-ին դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվել է 210 կգ կտրված ծաղիկ և ծաղկակոկոն՝ 3.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով, ինչպես նաև 279․300 հատ՝ 190.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։