Դատախազության` ԿԸՀ ներկայացրած միջնորդությունը վերաբերում է Նարեկ Կարապետյանին. Վարդևանյան
21 Հուլիսի 2026, 15:23
ՀՀ դատախազության կողմից ԿԸՀ ներկայացրած միջնորդությունը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին և, ըստ էության, այն Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է։ Այդ մասին այսօր ԿԸՀ շենքի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով այսօր ԿԸՀ–ում մանդատների բաշխումից հետո կայանալիք նիստին, որի ժամանակ քննվելու է դատախազության միջնորդությունը։
Նա հիշեցրեց, որ սա այն վարույթն է, որ մի անգամ էլի եկել է ԿԸՀ, արտահերթ նիստ են գումարել, որի մասին ոչ ոք տեղեկացված չի եղել, հետո ԿԸՀ–ն տվյալ վարույթը հետ է ուղարկել` նշելով, որ այն իր տիրույթում չէ։
«Սա հերթական քաղաքական հետապնդման, միջամտության դեպք է։ Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է։ Թե ինչ քրեական վարույթ է, տեղյակ չեմ, սակայն փաստացի միջնորդությունը վերաբերում է Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելուն»,– ընդգծեց փաստաբանը։