Բաքուն ցինիկաբար օգտագործում է ՌԴ-ի և Եվրոպայի միջև հակամարտությունն իր շահերի համար․ Վլադիմիր Սկաչկո
22 Հուլիսի 2026, 21:30
Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է եվրոպական գազի շուկայում փոխարինել ՌԴ-ին։
Նրա խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից իրականացվող յուրատեսակ բազմաքայլ քաղաքականություն է։
«Ըստ էության, խոսքը երկու աթոռի վրա միաժամանակ նստելու փորձի մասին է։ Գործնականում զուգահեռաբար Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը ՌԴ-ի հետ հիանալի հարաբերություններ ունի, իսկ խոցված ինքնաթիռի, զոհված ուղևորների ընտանիքներին փոխհատուցումների և այլ վիճահարույց հարցերի շուրջ խնդիրները կարգավորված են և լուրջ խոչընդոտներ չեն ստեղծում։ Այս ամենը պետք է նպաստի ռուսական ուղղությամբ հարաբերությունների բարելավմանը, տնտեսական կապերի պահպանմանը և ադրբեջանական ապրանքների մուտքի շարունակականությանը ռուսական շուկա։
Մյուս կողմից՝ բազմավեկտոր քաղաքականություն վարող Իլհամ Ալիևը ձգտում է պահպանել հարաբերությունները նաև Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Այդ պատճառով նա գործում է բավականին հաշվենկատ, ցինիկ և մտածված՝ Եվրոպային առաջարկելով էներգակիրներ, որոնց կարիքն այսօր այնտեղ զգացվում է։ Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերջերս հայտարարել էր, որ գերմանական տնտեսության ճգնաժամը մեծապես պայմանավորված է ռուսական բնական գազի պակասով։ Այսպիսով, Ալիևը փորձում է լինել և՛ մեկի, և՛ մյուսի հետ լավ հարաբերությունների մեջ»,- ասել է Սկաչկոն։