Հայ շախմատիստները Փոթիից վերադարձել են 13 մեդալով

22 Հուլիսի 2026, 19:20

Սպորտ

Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «19th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր։

Ա խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Գևորգը նաև լրացրել է իր երկրորդ միջազգային վարպետի նորման։

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:

Բ խմբում Արտուշ Ավագյանը զբաղեցրել է 2-րդ, Ռուբեն Իշխանյանը՝ 3-րդ, իսկ Գևորգ Սարգսյանը՝ 4-րդ հորիզոնականը։

Գ խմբում Էդուարդ Բաբայանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Միքայել Խաչիկյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում, Դավիթ Պողոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Կարեն Եսայանը՝ 5-րդ հորիզոնականը:

Դ խմբում Անդրանիկ Հակոբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Սևադա Գալստյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում։

Ե խմբում հաղթել է Աննա Գևորգյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արմեն Ալավերդյանը, Գրիգոր Հայրումյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում, իսկ Նարե Հովհաննիսյանը գրանցել է լավագույն արդյունքը կանանց պայքարում:

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթել է Արսեն Մանգասարյանը։

Մինչև 9 տարեկան պատանիների մրցաշարում Հովիկ Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթել է Վլադիմիր Հովհաննիսյանը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մոնթե Ավետիսյանը։

Մինչև 7 տարեկան պատանիների մրցաշարում հաղթել է Միքայել Դարբինյանը:

Առաջին կայծակնային շախմատի մրցաշարում հաղթել է միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը։

Երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարում Դավիթ Սարգսյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:

Մինչև 11 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթել է Արսեն Մանգասարյանը:

Մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթել է Արսեն Բայրամյանը, Արսեն Մանգասարյանը զբաղեցրեց 2-րդ, իսկ Արթուր Մարգարյանը՝ 3-րդ հորիզոնականը։