Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցն օգտագործեց որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք. Բագրատունի
22 Հուլիսի 2026, 19:30
Գործնականում մենք մեծ ակնկալիքներ չունեինք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
Նրա խոսքով՝ այդ քայլը հիմնականում մարտավարական բնույթ ուներ՝ Թուրքիային որոշակի ուղերձ հղելու նպատակով։
«Եթե որևէ պետություն բնական պայմաններում ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այդ քայլը պետք է լինի արժեքային և բարոյական դիրքորոշում, այլ ոչ թե դառնա քաղաքական սակարկության գործիք»,- նշել է նա։
Հակոբ Բագրատունին միաժամանակ նշել է, որ չպետք է գերագնահատել Թուրքիայի և Իսրայելի միջև առկա հրապարակային լարվածությունը։
«Ոչ ոք չպետք է հավատա, թե Թուրքիան և Իսրայելը հիմնարար հարցերում հակադիր դիրքերում են։ Ռազմական համագործակցությունն ու տնտեսական կապերը շարունակվում են, իսկ կոշտ հայտարարությունների մեծ մասը ներքաղաքական և պոպուլիստական բնույթ ունեն։ Էրդողանը ձգտում է ներկայանալ որպես իսլամական աշխարհի պաշտպան, սակայն դա չի նշանակում, որ երկու երկրների ռազմավարական շահերը դադարում են համընկնել»,- նշել է Բագրատունին։
Անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին՝ պատգամավորն ընդգծել է, որ Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկը։
«Իսրայելը եղել և մնում է Ադրբեջանի կարևորագույն աջակիցներից մեկը։ Այն զինել է Ադրբեջանին, համագործակցել նրա հետ և, փաստացի, մասնակցել այն գործընթացներին, որոնք հանգեցրին Արցախի հայության բռնի տեղահանությանը»,-ասել է պատգամավորը։