Ճանապարհ փակելը մոռացեք. լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում

23 Հուլիսի 2026, 13:17

Տնտեսություն և Բիզնես

Վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Աշխատակիցների փոխանցմամբ՝ իրավապահները կրկին գործողություններ են իրականացնում, ինչի հետևանքով իրենք չեն կարողանում բնականոն կերպով իրականացնել առևտրային գործունեությունը։

Աշխատակիցները փորձել են ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

«Դուք խոչընդոտում եք այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ճանապարհ փակելը մոռացեք»,- նշել է ոստիկանության աշխատակիցը։

Ըստ հավաքված աշխատակիցների` այն պատճառաբանությունը, թե տաղավարների կապարակնքումը պայմանավորված է դրանց՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տակ գտնվելու հանգամանքով, անհիմն է։

«Դիմացի մայթում նույն պատկերն է, դե գնացե՛ք, դեղին ժապավեն դրե՛ք, որ աշխատանքները չշարունակեն»,- ոստիկաններին դիմելով՝ ասել է աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։