Կյանքից հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը

24 Հուլիսի 2026, 22:04

Քաղաքականություն

Հուլիսի 23-ին կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը (Քոլոն)։ Այս մասին տեղկեկանում ենք ԵԿՄ-ից։

«Համլետ Դադայանն իր կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։ Նա մասնակցել էր Արցախի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված գրեթե բոլոր մարտական գործողություններին, իսկ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ԵԿՄ գումարտակի կազմում շարունակում էր անձնվիրաբար ծառայել՝ մշտապես ներգրավված լինելով մարտական հերթապահություններում։

Հերթական մարտական հերթապահության ընթացքում, որպես Երեւանի վաշտի հրամանատար, ստուգայց իրականացնելիս, սրտի կաթվածի հետեւանքով նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի պատճառով մեքենայով հայտնվել է ձորում։

Համլետ Դադայանի կորուստը ծանր վիշտ է նրա ընտանիքի, մարտական ընկերների, նրան ճանաչողների համար»,- նշված է հայտարարությունում։