Մահացած երեք անձինք չեն հանդիսացել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության աշխատակիցներ․ պարզաբանում

29 Սեպտեմբերի 2026, 23:33

Հասարակություն

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը հանդիսանում է Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցապատողը, որի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ են գտնվում բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ:

Յուրաքանչյուր կազմակերպություն պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում իր աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ, որոնց վերապահված է շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը:

Ի պարզաբանում սեպտեմբերի 29-ին Դեֆանս Հաուզինգ թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների՝ Դեֆանս Հաուզինգը հայտնում է, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում, այլ տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, իսկ ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերության աշխատակիցներ:

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին:

Դեֆանս Հաուզինգը հետաքրքրված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ»: