Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

29 Սեպտեմբերի 2026, 23:00

Քաղաքականություն

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության զեկույցին։

«Նշվել է, որ տեղամասերի 44%-ում նկատվել են խախտումներ։ Կետ առ կետ արձանագրվել են պետական ապարատի կողմից աշխատակիցների վրա գործադրված ճնշումները, ընտրությունների արդյունքներով անցած կուսակցություններից մեկին դուրս մղելու փորձերը, ինչպես նաև ընտրակաշառքի անվան տակ ընդդիմադիր գործիչներին կալանավորելու փաստերն՝ միաժամանակ աչք փակելով իշխանության ընտրակաշառքների վրա»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ զեկույցում հստակ պահանջ է ներկայացվել, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի ճնշումները և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները կանխելու ուղղությամբ։

«Սա կարևոր օր էր Հայաստանում ժողովրդավարության համար։ Իշխանությունը հասկացավ, որ Եվրոպան իրենից քաղաքական խոսքերից զատ պահանջում է նաև հստակ քայլեր։ Եթե ուզում ենք հետևել եվրոպական արժեքներին, պետք է հաշվի առնենք Եվրոպայի խորհրդի առաջարկությունները։ Այն ամենն, ինչ մենք ասում էինք այսքան ժամանակ, զեկույցում արձանագրվեց, և իշխանությունը 2018 թվականից հետո առաջին անգամ առերեսվեց ճշմարտությանը»,- ընդգծել է Կարապետյանը։

Նա նաև հայտնել է, որ զեկույցում և ԵԽԽՎ պատվիրակների ելույթներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայ Առաքելական Եկեղեցու և ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող արշավին։

«Եվրոպական հայրենասերների խմբակցության ղեկավարը և Բրիտանական խորհրդարանի անդամ պարոն Լինը հատուկ հայտարարություններով դատապարտել են քահանաների ձերբակալություններն ու եկեղեցու դեմ հետապնդումները՝ դրանք որակելով բացարձակ անընդունելի։

Հատկանշական է եղել դրվագը, երբ ԵԽԽՎ նախագահողն ընդհատել է իշխանական հայ պատվիրակի ելույթը՝ հորդորելով վերադառնալ բուն թեմային։ Ըստ բանախոսի՝ սա ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելաոճն արդեն անընդունելի է եվրոպացի գործընկերների համար»,- նշել է Նարեկ Կարապետյանը։