Վրաստանում զանգվածային հոսանքազրկումների գործով հետաքննություն է սկսվել

26 Հուլիսի 2026, 12:00

Տնտեսություն և Բիզնես

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել հուլիսի 24-ին և 25-ին երկրում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների կապակցությամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ «Սաբոտաժ»-ի հոդվածով (պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտների բնականոն գործունեության խաթարումը, ինչպես նաև դրանց վնասումը կամ ոչնչացումը՝ Վրաստանի պետական շահերին սպառնալու նպատակով)։

Նշենք, որ հոսանքազրկումները եղել են համատարած․ ամբողջ Վրաստանը մնացել էր առանց էլեկտրականության, չէին գործում նաև երկաթուղին և Թբիլիսիի մետրոպոլիտենը։

Ավելի ուշ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերությունը հայտնել է, որ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ տեղի ունեցածի պատճառները պարզվում են։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, իր հերթին, լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի լայնածավալ այս անջատումները որակել էր որպես աննախադեպ երևույթ և նշել, որ եթե տեղի ունեցածը սաբոտաժ է կամ արտաքին միջամտության արդյունք, ապա հետաքննությամբ բոլոր հանգամանքները կպարզվեն։