Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու հնարավորություն չկա. Սիրանուշ Սահակյան

27 Հուլիսի 2026, 13:12

Քաղաքականություն

Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։

Սահակյանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։

Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։

«Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշեց Սահակյանը։