Ֆրանսիայում անտառային հրդեհները Երկրորդ համաշխարհայինից հետո ամենաուժեղն են․ առաջին անգամ գրանցվել են «կրակե ամպեր»
28 Հուլիսի 2026, 10:14
Ֆրանսիայի և Իսպանիայի փրկարար ծառայությունները շարունակում են արտակարգ ռեժիմով պայքարել վերջին տասնամյակների ամենակործանարար անտառային հրդեհների դեմ, որոնք բռնկվել են Հարավարևմտյան Եվրոպայում նոր շոգի ալիքի ֆոնին։ Այս մասին գրել է DW-ն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի հարավարևմտյան հատվածում տարերքը «զսպվել է»։ Սակայն Բորդոյի մերձակայքում հրդեհը դեռևս չի հաջողվում լիովին վերահսկողության տակ վերցնել։
AFP-ի տվյալներով՝ Ֆրանսիայի հարավարևմուտքում պատմության մեջ առաջին անգամ առաջացել են «կրակե ամպեր»։ Երկրի մակերևույթին մոտ օդն այնքան է տաքանում, որ ծխի, ջրային գոլորշու և մոխրի հետ արագ բարձրանում է վեր՝ հաճախ հասնելով մեծ բարձրությունների՝ ընդհուպ մինչև ստրատոսֆերա։ Սառը օդային հոսանքների հետ բախման արդյունքում ձևավորվում են ուժեղ քամիներ, որոնք էլ ավելի են բորբոքում կրակը։ Նման ամպերը հաճախ նաև կայծակներ են առաջացնում։
Մինչ այժմ այս երևույթը դիտվել էր միայն Ավստրալիայում և Կանադայում տեղի ունեցած հսկայական անտառային հրդեհների ժամանակ։ Ֆրանսիայի համար այն աննախադեպ է։
«Կրակե փոթորիկը» շատ դեպքերում գրեթե անհնար է մարել կամ վերահսկողության տակ վերցնել, քանի որ քամին մշտապես փոխում է ուղղությունը։ Արդյունքում կրակը տարածվում է տարբեր ուղղություններով՝ ձևավորելով հրդեհի միաժամանակ մի քանի ճակատ, ինչը իրավիճակը դարձնում է չափազանց անկանխատեսելի։