Փաշինյանին չհաջողվեց համաձայնության հասնել Պուտինի հետ․ եվրաինտեգրման ուղին հետևանքներ կունենա․ Անդրեյ Արեշև
29 Հուլիսի 2026, 23:30
«Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, վարչապետի՝ ԵԱՏՄ-ի մոտալուտ ավարտի վերաբերյալ հայտարարությանը, ԱՄՆ-Իրան հակամարտությանը և TRIPP նախագծին։
«Համաձայնության գալ չհաջողվեց, և դա ակնհայտ է շեշտադրումների տարբերությունից։ Հայկական կողմը կենտրոնացել էր ռուսական շուկայում հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների խնդրի վրա, որոնք բողոքի ալիք են առաջացրել գյուղատնտեսների շրջանում և ռիսկեր են ստեղծում երկրի տնտեսության համար։
Բանակցությունների ընթացքում ստացվել են միայն բանավոր հավաստիացումներ, որ հարցը կլուծվի։ Մինչդեռ Կրեմլի հաղորդագրությունում ընդգծվել է հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը, եվրոպական ու եվրասիական ինտեգրման միջև ընտրության հարցը։ Ռուսաստանը նախազգուշացրել է, որ եվրաինտեգրման ուղին հետևանքներ չի կարող չունենալ։ Արդեն այսօր հայ-ռուսական հարաբերություններն ու Հայաստանի տնտեսությունը մտել են բարդ փուլ, իսկ տեղական արտադրողների համար ռուսական շուկային համարժեք այլընտրանք պարզապես չկա»,- նշել է փորձագետը։
Քաղաքագետի խոսքով՝ Չինաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը պայմանավորված է Հայաստանի և Եվրամիության մերձեցմամբ։
«Մոսկվայից հետո Հայաստանի վարչապետը դիմեց Բրյուսելին, սակայն այնտեղ ևս ամեն ինչ սահմանափակվեց միայն խոստումներով։ Միևնույն ժամանակ Վրաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին տնտեսական կապերը՝ խորացնելով համագործակցությունը Չինաստանի և Թուրքիայի հետ։ Չինաստանը, ինչպես և Ռուսաստանը, չշնորհավորեց Փաշինյանին հաղթանակի առթիվ, թեև վերջերս Երևանում բացվել է այդ երկրի խոշոր դեսպանատունը։ Սա ավելի շուտ քաղաքական դադար է՝ կապված Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման հետ։ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի թշնամական դիրքորոշման պայմաններում նման քայլերը Մոսկվայում ցավոտ են ընկալվում։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ գործընկեր և ակնկալում է արտոնություններ, սակայն արդեն հայտարարվել է, որ նախկին ձևով շարունակել այլևս հնարավոր չի լինի»,- ասել է Արեշևը։
Փորձագետը նաև նշել է, որ սխալ է խոսել ԵԱՏՄ-ի փլուզման մասին, քանի որ այն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության և համակարգման հարթակ է։
«ԵԱՏՄ-ի մոտալուտ ավարտի մասին խոսակցությունները խիստ չափազանցված են, թեև խնդիրներ, անշուշտ, կան։ Ի սկզբանե ռուսական կողմը շեշտում էր՝ միայն տնտեսություն, ոչ մի քաղաքականություն։ Սակայն ներկայիս պայմաններում քաղաքական և տնտեսական համագործակցությունը տարանջատելը դժվար է, այդ թվում՝ բիզնես կառույցների մակարդակում։ Հարց է առաջանում, թե արդյոք ԵԱՏՄ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող մեխանիզմները բավարար են այդ խնդիրները լուծելու համար։ Կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի լրացուցիչ լուծումներ գտնել։ Սակայն միության փլուզման մասին խոսելն անհիմն է. այն կշարունակի գործել որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի համակարգման հարթակ»,- ընդգծել է քաղաքագետը։