6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից

30 Հուլիսի 2026, 15:20

Տնտեսություն և Բիզնես

6 ամիս ժամկետով արգելք սահմանվեց ՀՀ տարածք (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխման) տոմատի մածուկ ապրանքատեսակի ներմուծման վրա։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով»,– ասված է հիմնավորման մեջ։

Որոշման մեջ նշվում է, որ հայկական ծագում ունեցող կարանտինային արտադրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներով պայմանավորված` նվազել են հայկական ծագման պտուղ–բանջարեղենի, այդ թվում՝ ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալները, որի պատճառով արտահանվող ջերմատնային արտադրության լոլիկի զգալի մասը հիմա վաճառվում է տեղական շուկայում՝ հանգեցնելով բաց դաշտում արտադրված լոլիկի նկատմամբ պահանջարկի նվազմանը։

Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից՝ 2026 թ. մայիսի 22–ից մինչև հուլիսի 22–ը ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 7000 տոննա՝ ամբողջությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ։

Բացի այդ, կառավարությունից նշում են, որ 2020–2025 թթ. տոմատի մածուկի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 5336 տոննա, իսկ նույն ժամանակահատվածում արտահանման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 3822 տոննա։