Վրաստանում բացվել է առաջին «Թումո» կենտրոնը

30 Հուլիսի 2026, 20:30

Կրթություն

Վրաստանի Քութայիս քաղաքում բացվել է հայկական «Թումո» (TUMO) կրթական ցանցի առաջին կենտրոնը։

Այն տեղակայված է նախկին խորհրդարանի շենքում, որն այժմ գործում է որպես Տեխնոպարկի մաս։ Կենտրոնը սեպտեմբերից կընդունի առաջին ուսանողներին։ Ամեն շաբաթ TUMO-ն կկարողանա ընդունել մինչև 18 տարեկան 1800 պատանիների, որոնք կսովորեն տեխնոլոգիաներ և դիզայն՝ կենտրոնի 11 կրթական ծրագրերի շրջանակում։

Նախագիծն իրականացվել է Վրաստանի Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության հետ համագործակցությամբ։

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլին և Bank of Georgia-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն։