Հայաստանով ոգեշնչված ֆիլմեր և ճանապարհ դեպի Վինձորներ. Էլեոնորա Էքսերջյան

31 Հուլիսի 2026, 13:15

Մշակույթ

Ազգությամբ հայ նկարչուհի և ռեժիսոր Էլեոնորա Էքսերջյանը վերջերս հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. նա ամուսնանալու է Եղիսաբեթ II-ի քրոջ` Սնոուդոնի կոմսուհի արքայադուստր Մարգարետի թոռան՝ Սեմյուել Չատտոյի հետ:

Էքսերջյանը մի քանի անգամ այցելել է Հայաստան և ֆիլմեր նկարահանել պատմական հայրենիքի մասին: 2022 թվականին Հայաստան կատարած առաջին այցից ոգեշնչված՝ նա ստեղծել է «Երևակայական բնապատկերներ» (Imagined Landscapes) ֆիլմը, որը թողարկվել է 2024 թվականին։ 2025 թվականի գարնանը նա կրկին այցելել է հայրենիք և նկարահանել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը՝ կոմպոզիտոր Մեդիսոն Ուիլինգի երաժշտությամբ: Ֆիլմը միավորում է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի տեսարանները՝ պատմելով, թե ինչպես են բնապատկերն ու ճարտարապետությունն ազդում մարդկանց հիշողությունների և պատմությունների վրա։

2026 թվականին ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնի «Messums» պատկերասրահում՝ Էքսերջյանի համանուն ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր Սփյուռքի թեմային և հայրենիքի մասին փոփոխվող պատկերացումներին:

Հիշեցնենք, որ Էլեոնորան հայկական արմատներ ունի. նրա պապը՝ գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանը, սերում էր Օսմանյան կայսրության հայ ազնվական տոհմից: Էքսերջյանների տոհմը եղել է Օսմանյան կայսրության ազդեցիկ և հարուստ հայկական ընտանիքներից մեկը։ Գնդապետ Էքսերջյանը ղեկավարել է Իրաքի նավթային ընկերությունը, որը հիմնադրել էր Գալուստ Գյուլբենկյանը։

Նշենք, որ Էլեոնորա Էքսերջյանը կդառնա հայկական ծագում ունեցող առաջին կինը, որը կմիանա բրիտանական Վինձորների արքայական ընտանիքին: