Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես իր սպառազինության շուկա․ Ալեքսեյ Կուպրիյանով
09 Հոկտեմբերի 2026, 14:20
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ԻՄԵՄՕ ՌԳԱ) Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուպրիյանովը Alpha News-ին մեկնաբանել է Հնդկաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, Նյու Դելիի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հեռանկարները։
Փորձագետի հետ հարցազրույցը տեղի է ունեցել «Ռուսաստանը և նոր բազմաբևեռ աշխարհակարգը․ գաղափարից դեպի իրականություն» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում, որը նվիրված էր Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20-ամյակին։
Անդրադառնալով Հարավային Կովկասի նկատմամբ Հնդկաստանի հետաքրքրությանը և Հայաստանի հետ համագործակցությանը՝ փորձագետը նշել է, որ Հայաստանը հետաքրքիր է Հնդկաստանի համար նաև որպես հնդկական սպառազինության իրացման շուկա։
«Նախևառաջ, Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների հետևանքով ստեղծված իրավիճակում Հնդկաստանը կողմնորոշվում է դեպի Հայաստան՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը կողմնորոշվում է դեպի Պակիստան։
Հայաստանը Հնդկաստանի համար հետաքրքիր է առաջին հերթին զբոսաշրջային ներուժի զարգացման տեսանկյունից։ Դա սկսվել է դեռևս COVID-19-ի համավարակի ժամանակ, երբ բազմաթիվ հնդիկներ մեկնում էին Հայաստան՝ այն դիտարկելով որպես Եվրոպային մատչելի այլընտրանք, քանի որ համավարակի սահմանափակումների պատճառով չէին կարողանում մեկնել եվրոպական երկրներ։
Ամենակարևորը, սակայն, հնդկական սպառազինության շուկան է։ Հնդկաստանն այժմ ակտիվորեն մշակում է սեփական զինատեսակները, տեղայնացնում արտասահմանյան արտադրանքը, թողարկում այն սեփական անվանումներով և փորձում մուտք գործել սպառազինության համաշխարհային շուկա, որտեղ բախվում է ԱՄՆ-ի, եվրոպական արտադրողների և Ռուսաստանի խիստ մրցակցությանը»,- ասել է Կուպրիյանովը։
Փորձագետի խոսքով՝ Հնդկաստանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում՝ առաջարկելով համեմատաբար էժան և տեխնոլոգիապես զարգացած լուծումներ։
«Ռուսաստանի մրցակցությունն այժմ որոշ չափով թուլացել է, սակայն հակամարտության ավարտից հետո Ռուսաստանը կրկնապատկված ուժերով կվերադառնա և շուկան բառացիորեն կհեղեղի իր էժան ռազմական տեխնիկայով։ Այդ պատճառով Հնդկաստանը պետք է հասցնի ամրապնդվել շուկայում մինչև այդ պահը։
Հնդիկներն այժմ առաջարկում են բավականին էժան, տեխնոլոգիապես զարգացած լուծումներ, օրինակ՝ «Ակաշ» համակարգը։ Խոսքը, նախևառաջ, հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է։ Այժմ նրանք աստիճանաբար սկսում են աշխատել նաև սեփական անօդաչու թռչող սարքերի արտահանման ուղղությամբ՝ նախ սեփական ստորաբաժանումների կարիքները բավարարելուց հետո Քաշմիրի և հնդկա-չինական սահմանի շրջանում։ Այսպիսով՝ նրանք հանդես են գալիս որպես ռուսական և արևմտյան ռազմական տեխնիկայի համեմատաբար էժան այլընտրանք»,- նշել է Ալեքսեյ Կուպրիյանովը։
Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նկատմամբ Հնդկաստանի հետաքրքրությանը և Իրանի շուրջ վերջին իրադարձությունների ազդեցությանը նախագծի վրա՝ Կուպրիյանովը նշել է, որ միջանցքի իրականացումը ներկայումս փաստացի դադարեցված է։
«Ներկայումս «Հյուսիս-Հարավ» միջանցքի ամբողջ նախագիծը, հասկանալի պատճառներով, փաստացի դադարեցված է։ Երբ Իրանի տարածքը ենթարկվում է հարվածների կամ կարող է ենթարկվել, այդ երկրի տարածքով բեռներ տեղափոխելը ներկայումս հիմնականում կապված է ռիսկի հետ»,- նշել է նա։
Միաժամանակ փորձագետը կարծում է, որ տեղի ունեցող իրադարձությունները դժվար թե էականորեն փոխեն Հնդկաստանի երկարաժամկետ մոտեցումը տրանսպորտային ուղիների ընտրության հարցում։
«Չեմ կարծում, որ հնդիկները լրջորեն կփոխեն իրենց մոտեցումը, քանի որ նրանք նախընտրում են բոլոր ձվերը մեկ զամբյուղում չդնել և, որպես կանոն, դիվերսիֆիկացնել իրենց մատակարարման շղթաները։
Նրանց համար միանգամայն բնական է, երբ բեռների մի մասն, օրինակ, տեղափոխվում է Կարմիր ծովով։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Կարմիր ծովն արգելափակվի, այդ բեռները կտեղափոխվեն կա՛մ Բարեհուսո հրվանդանը շրջանցող ճանապարհով, կա՛մ, եթե իրանական ուղղությամբ դադար լինի, կշարունակեն տեղափոխվել Իրանի տարածքով։
Հնդիկներին բնորոշ չէ կենտրոնանալ միայն մեկ ուղղության վրա․ նրանք միշտ փորձում են հնարավորինս դիվերսիֆիկացնել իրենց հնարավորությունները»,- ընդգծել է Ալեքսեյ Կուպրիյանովը։