Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Մոսկվան հիշեցնում է Կանոնադրության 20-րդ հոդվածի մասին
02 Օգոստոսի 2026, 14:10
Ռուսաստանը հայտարարել է, որ ձգտում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներն ևս ունեն իրենց սեփական շահերը Երևանի հետ հարաբերություններում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Վիկտոր Վասիլևը նշել է, որ ռուսական կողմը հանձնառու է պահպանել Հայաստանի հետ բարեկամությունը՝ դարավոր կապերի ֆոնին, միևնույն ժամանակ ընդգծելով, որ ՀԱՊԿ գործընկերներից յուրաքանչյուրն ունի Երևանի հետ փոխհարաբերությունների սեփական պատմությունն ու շահերը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել էր նրանով, որ դաշնակիցները չեն կատարել Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված պարտավորությունները 2021-2022 թվականներին։
Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով կազմակերպությունը քննարկում է ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը։
Համաձայն այդ հոդվածի՝ եթե պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում ֆինանսական պարտավորությունները, ապա մինչև պարտքի մարումը զրկվում է ձայնի իրավունքից և ՀԱՊԿ մարմիններում պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից։
Բացի այդ, հոդվածը նախատեսում է տվյալ պետության մասնակցության կասեցման կամ կազմակերպությունից հեռացման հնարավորություն։ Նման որոշումները կայացվում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ առանց տվյալ պետության ձայնը հաշվի առնելու։