«2 ամսվա քննության ընթացքում գործի դատարկությունը չի կարող լցվել». Հովհաննես Խուդոյան
05 Հոկտեմբերի 2026, 12:23
«Սխալ կլինի, որ մենք իրավական կամ քաղաքական-իրավական հետապնդման գործընթացներում փորձենք առաջնորդվել հույսով։ Եթե խոսում ենք մաքուր իրավական պրոցեսի մասին, ի սկզբանե չէր կարող լինել մեղադրանք, չէր կարող լինել խափանման միջոց»։ Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Զուտ տեխնիկապես իրավական գործընթացի շարունակությունը, որը լինելու է 2 ամիսը լրանալուց առաջ, մոտավորապես այն է, որ վարույթն իրականացնող մարմինը կփորձի դատարանին ներկայացնել նոր, համոզիչ փաստարկներ, որ կալանքը, ըստ իրենց, պետք է երկարացվի։ Ես խիստ կասկածում եմ, թե տեսնելով այն որակը, ինչը ներկայացվել է առաջին անգամ, տեսնելով այդ գործի դատարկությունը և որևէ տվյալի բացակայությունը՝ քննչական մարմինն ի՛նչ է բերելու և ներկայացնելու դատարան։
Ես չեմ կարծում, որ նրանք երկու ամսվա քննության ընթացքում նույն դատարկ տրամաբանությամբ են շարունակելու։ Նոր պաշտոնյաներ կարող են թաթախվել դրա մեջ՝ իրենց անունն ու ստորագրությունը դնելով ապօրինի քրեական հետապնդման փաթեթի տակ»,- ասել է նա։