Էդվարդ Սանդոյանը՝ Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր

13 Մայիսի 2023, 10:20

Կրթություն | Հայեր

Ռուս-հայկական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն ընտրվել է Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) նոր ռեկտոր։

Համալսարանի բոլոր կատեգորիաների աշխատակիցների և ուսանողների ուրբաթ օրը կայացած ընդհանուր ժողովում Սանդոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 216, դեմ՝ 147 պատվիրակ։ Քննարկումները տևեցին ավելի քան 6 ժամ։ Նոր ռեկտորն ընտրվել է 5 տարի ժամկետով։

«Նովոստի Արմենիա»–ի թղթակցի հետ զրույցում՝ բուհի ներկայիս ղեկավար Արմեն Դարբինյանը մանրամասնեց, որ Սանդոյանն ընտրվել է ռեկտոր, բայց դեռ չի ստանձնել պաշտոնը։ Նա պաշտոնը կստանձնի միայն ռուսական և հայկական կողմերի երկու նախարարների համատեղ հրամանի արձակումից հետո։ Դարբինյանը նշեց, որ մինչև հրամանը Սանդոյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար չի համարվի։