Մեր բոլոր ռեսուրսներով կանգնելու ենք Եկեղեցու կողքին. Նարեկ Կարապետյան
02 Օգոստոսի 2026, 20:49
«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստից հետո Մայր Աթոռում ստացել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությունը։
«Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ստացանք օրհնություն և, կարծում եմ, սահմանադրական այն բացը, որ կար, թեկուզ և այս կազմով, լրացվեց: Հուսով եմ՝ մեր բոլոր աշխատանքներն Ազգային ժողովում կլինեն ի բարօրությունում մեր երկրի, իսկ վերջում Ազգային ժողովն էլ կդառնա մեր ազգային, համազգային գաղափարների կենտրոնը»,– Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով Վեհափառին հեռացնելու ՔՊ–ի ծրագրերին՝ Կարապետյանը վստահեցրել է՝ թույլ չեն տալու։
«Մեր ուժն ամբողջությամբ՝ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով, կանգնելու է Եկեղեցու կողքին և թույլ չի տալու Եկեղեցու ուզուրպացումն օտար ուժերի թելադրանքով։ Մենք տեսնում ենք, որ Եկեղեցու հանդեպ իրականացվող պրոցեսներն օտար ուժերի թելադրանքն են, որոնք ունեն մի նպատակ՝ մեր հանրային, հասարակական օրակարգից դուրս հանել ցեղասպանության գաղափարը»,– ասել է նորընտիր պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանությունը նպատակ ունի ազդեցություն ձեռք բերել հայոց հոգևոր կենտրոնի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր իր առաջին նիստն սկսել է առանց Վեհափառ Հայրապետի օրհնության։