Արտո Թունջբոյաջյան․ Արարատի երգիչը

04 Օգոստոսի 2026, 22:10

Հայեր

Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 4-ին Ստամբուլում՝ հայի ընտանիքում։ Հայրը կոշկակար էր, իսկ ավագ եղբայրը՝ Օննոն, ժամանակակից թուրքական երաժշտության ամենանշանավոր դեմքերից մեկը, ով էլ դարձել է Արտոյի առաջին ոգեշնչման աղբյուրը։ Ընդամենը 11 տարեկանից նա սկսել է ելույթ ունենալ ու ձայնագրել անատոլիական ավանդական երաժշտություն՝ զուգահեռաբար տիրապետելով բազմաթիվ գործիքների՝ տրոմբոնից մինչև հարվածայիններ։

1980-ականների սկզբին Թունջբոյաջյանը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ կարճ ժամանակում ճանաչում է ձեռք բերել ջազային աշխարհում։ Նա համագործակցել է այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են Չեթ Բեյքերը, Ջո Զավինուլը, Ալ Դի Մեոլան և Փոլ Ուինթերը։

1980-ականների կեսերին լույս են տեսել նրա առաջին անհատական ալբոմները՝ «Virgin Land»-ն ու «Main Root»-ը։ Ավելի ուշ, ամերիկահայ երաժիշտ Արա Դինքջյանի հետ, նա հիմնել է «Night Ark» քառյակը, որն աչքի է ընկել էթնո-ջազի և նոր դարաշրջանի երաժշտության յուրօրինակ համադրությամբ ու արժանացել միջազգային մեծ ճանաչման։

Արտոյի ստեղծագործական կյանքում բեկումնային է եղել եղբոր՝ Օննոյի կորուստը, ով 1996 թվականին զոհվել է ավիավթարից։ Եղբոր հիշատակին նվիրված «Onno» ալբոմը դարձել է յուրօրինակ երաժշտական կոթող։

1990-ականների վերջին նա տեղափոխվել է Երևան և հիմնել «Armenian Navy Band» խումբը՝ հավաքելով Հայաստանի լավագույն երաժիշտներին։ Խումբն արագորեն նվաճել է եվրոպական բեմերն ու դարձել ժամանակակից հայկական էթնո-ջազի այցեքարտերից մեկը։

Թունջբոյաջյանը հայտնի է իր անվախ ստեղծագործական փորձարարություններով․ նա երաժշտություն է ստանում ոչ միայն ավանդական գործիքներից, այլև ամենաանսպասելի իրերից, օրինակ՝ գարեջրի շշերից։ Նրա ձայնն ու հարվածային նվագակցությունն են հնչում նաև «System of a Down» խմբի «Toxicity» ալբոմի թաքնված «Arto» ստեղծագործության մեջ, որտեղ նա կատարում է հայկական «Տեր, ողորմյա» շարականը։

Իր տարիների գործունեության ընթացքում Արտոն մասնակցել է ավելի քան 200 ձայնագրության, համագործակցել թուրք երգչուհի Սեզեն Աքսուի և հույն երգչուհի Էլեֆտերիա Արվանիտակիի հետ, գրել կինոերաժշտություն ու ելույթ ունեցել աշխարհի հեղինակավոր փառատոներում։

Նրա վաստակը գնահատվել է նաև միջազգային բարձր մակարդակով․ 2006 թվականին նա արժանացել է «BBC Radio 3 Awards for World Music» մրցանակին, 2007-ին՝ «Armenian Music Award»-ին, իսկ 2011-ին՝ «Գրեմմի»-ի։ 2017 թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը։

Այսօր էլ Արտո Թունջբոյաջյանը մնում է իսկական «աշխարհի քաղաքացի»՝ իր կյանքն ու գործունեությունը կապելով Հայաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ։ Նրա երաժշտությունը մշակույթների, ավանդույթների և ապրումների ինքնատիպ միաձուլում է, որտեղ միահյուսված են կորստի ցավն ու կյանքի հանդեպ անսպառ սերը։ Նա շարունակում է ոգեշնչել երաժիշտների նոր սերունդներին՝ մնալով հայկական երաժշտարվեստի ու Սփյուռքի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։