Բանակցային գործընթացը տապալվել է, քանի որ իշխանությունը չի արձագանքում Ալիևի հայտարարություններին․ Արեգա Հովսեփյան

05 Օգոստոսի 2026, 15:35

Քաղաքականություն

Եթե խորհրդարանում որևէ պատգամավոր հայտնվել է ընտրակաշառքի միջոցով, ապա իշխանությունը պարտավոր է դիմել ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ է գտնվում ընտրակաշառքով, իշխանությունը դուք եք՝ դիմեք, ընտրությունները չեղյալ հայտարարեք և նոր ընտրություններ նշանակեք։ Սա ոչ թե առաջարկություն է, այլ պարտադիր պահանջ։ Ոչ ոք իրավունք չունի ընտրակաշառքով հայտնվել այս շենքում»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասել է Հովսեփյանը։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների և դրանց նկատմամբ իշխանության արձագանքի մասին՝ պատգամավորն ընդգծել է․

«Բանակցային գործընթացը տապալված է հենց այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ ուշադրությամբ չեն հետևում և չեն վերլուծում տարածաշրջանի երկրների ղեկավարների, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Կոչ եմ անում ոչ թե ընդդիմախոսներին հերքել, այլ ուղիղ հայտարարություններով հակադարձել Ադրբեջանի նախագահին»։