Հայ ուսանողները հաջողությամբ են հանդես եկել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում
05 Օգոստոսի 2026, 19:20
Հայաստանը ներկայացնող ուսանողները հաջողությամբ են հանդես եկել մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում՝ նվաճելով մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ, ինչպես նաև մեկ գովասանագիր։
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition) անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը։ Մրցույթին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարաններից։
Հայաստանի թիմի կազմում Վահան Բաղդասարյանը արժանացել է ոսկե մեդալի, Ռուբեն Համբարձումյանն ու Ծովակ Եգորյանը՝ արծաթե մեդալների, իսկ Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալի։ Էդգար Հողմրցյանն էլ ստացել է գովասանագիր։
Հայաստանի ուսանողական թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը։ Թիմի մարզիչներն են եղել Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։