Գերձայնային ավիացիայի լեգենդը․Արտեմ Միկոյան

05 Օգոստոսի 2026, 22:00

Հայեր

Ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 5-ին՝ Թիֆլիսի նահանգի Սանահին գյուղում, պղնձաձուլական գործարանի բանվորի ընտանիքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են դժվար պայմաններում, սակայն հենց այդ միջավայրն է նրա մեջ ձևավորել համառություն, աշխատասիրություն և գիտելիքների հանդեպ ձգտում։

Հոր մահից հետո նա շարունակել է ուսումը Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել է եղբոր՝ Անաստաս Միկոյանի մոտ՝ Դոնի Ռոստով, որտեղ աշխատել է որպես խառատ և սովորել երեկոյան դպրոցում։

1925 թվականին նա անդամագրվել է կուսակցությանը, իսկ շուտով տեղափոխվել է Մոսկվա, աշխատել «Դինամո» գործարանում և անցել զինվորական ծառայություն։ 1931 թվականին Միկոյանն ընդունվել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա, որտեղ իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ինժեներ։ 1936 թվականին ակադեմիան ավարտելուց հետո նա աշխատել է Նիկոլայ Պոլիկարպովի կոնստրուկտորական բյուրոյում, իսկ արդեն 1939 թվականին ղեկավարել է սեփական կոնստրուկտորական բյուրոն։

Միխայիլ Գուրևիչի հետ համատեղ նա ստեղծել է հանրահայտ «ՄիԳ» կոնստրուկտորական բյուրոն, որը դարձել է խորհրդային ավիացիայի խորհրդանիշներից մեկը։

Առաջին մշակումները՝ ՄիԳ-1 և ՄիԳ-3 ինքնաթիռները, կիրառվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին, իսկ հետագա մոդելները՝ ՄիԳ-9-ը, ՄիԳ-15-ը, ՄիԳ-21-ը, որոշիչ դեր են ունեցել ԽՍՀՄ-ի ռեակտիվ ավիացիայի զարգացման գործում և ամրապնդել են երկրի՝ որպես ավիացիոն գերտերության դիրքը։ Միկոյանի ղեկավարությամբ ստեղծվել են ավելի քան տասը տեսակի կործանիչներ, որոնցից շատերը դարձել են ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի հիմքը։ Դրանք արտահանվել են նաև այլ երկրներ։ Նրա նախագծած ինքնաթիռներով սահմանվել են ավելի քան 50 համաշխարհային ռեկորդներ։Միկոյանը եղել է ռեակտիվ ավիացիայի առաջամարտիկներից մեկը, իսկ նրա ստեղծած ՄիԳ-15-ը դարձել է պատմության ամենատարածված և ամենահաջողակ կործանիչներից մեկը։

Իր ծառայությունների համար Միկոյանն արժանացել է բազմաթիվ պարգևների։ Նա երկու անգամ ստացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, եղել է Լենինյան և Ստալինյան վեց մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ։ 1968 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Նա նաև եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր և ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի հասարակական կյանքին։

Արտեմ Միկոյանը մահացել է 1970 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Մոսկվայում, սրտի վիրահատության ժամանակ։ Նրա անունն ընդմիշտ կապվել է «ՄիԳ» ապրանքանիշի հետ, որը դարձել է խորհրդային ինժեներական մտքի և ռազմական հզորության խորհրդանիշը։ Նրա հայրենի Սանահինում բացվել է Միկոյան եղբայրների թանգարանը, որտեղ տեղադրվել է նրա բրոնզե կիսանդրին։ Նրա ստեղծած ժառանգությունը մինչ օրս շարունակում է մնալ 21-րդ դարի ավիացիայի կարևոր մասը։

Արտեմ Միկոյանի կյանքի ուղին պատմություն է մի մարդու մասին, ով հասարակ հայկական ընտանիքից հասել է համաշխարհային ավիակոնստրուկտորի փառքին՝ իր անունը հավերժ գրելով ավիացիայի պատմության մեջ։