TRIPP-ը կապահովի Ադրբեջանի անխոչընդոտ մուտքը Նախիջևան․ Էմի Քարլոն

08 Օգոստոսի 2026, 14:12

Քաղաքականություն

Անցած մեկ տարվա ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու (TRIPP) իրականացման գործում: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

«Անցած տարվա ընթացքում մենք տեսել ենք զգալի առաջընթաց TRIPP-ի իրականացման շրջանակում, և այս նախագիծը կշարունակի զարգանալ»,- ասել է Քարլոնը տեսաուղերձում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցի՝ ԱՄՆ դեսպանության պաշտոնական օգտահաշվում, 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթաժողովի առաջին տարելիցի առթիվ։

Նրա խոսքով՝ երթուղին կապահովի Ադրբեջանի անխոչընդոտ մուտքը Նախիջևան, կնպաստի Արևելքի և Արևմուտքի միջև ինտեգրմանը և կապերի զարգացմանը, ինչպես նաև տնտեսական օգուտներ կստեղծի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Քարլոնը նաև դրական է գնահատել Վաշինգտոնի գագաթաժողովից հետո Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում գրանցված առաջընթացը։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման արդյունքներով առաջնորդները նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի տեքստը, որը, նրա խոսքով, հիմք էր դրել կայուն խաղաղության համար ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո։

«Այս պատմական տարելիցի օրը ես ուրախ եմ հիշել անցած տարվա ընթացքում ձեռք բերված հաջողությունները»,- հայտնել է դիվանագետը։

Քարլոնի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ից ի վեր Ալիևն ու Փաշինյանը ցուցաբերել են հավատարմություն Վաշինգտոնի գագաթաժողովի ոգուն և կոնկրետ քայլեր ձեռնարկել տևական խաղաղության հասնելու համար։ Արդյունքների թվում նա նշել է քաղաքացիական հասարակությունների միջև կանոնավոր շփումները և անդրսահմանային առևտրի ոլորտում առաջին քայլերը, ներառյալ Հայաստանի կողմից ադրբեջանական վառելիքի կանոնավոր գնումները։

Դիվանագետը նաև նշել է ադրբեջանա-ամերիկյան համագործակցության ընդլայնումը։ Գագաթաժողովից հետո Թրամփն ու Ալիևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն։ 2026 թվականի փետրվարին Բաքվում ստորագրվել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան։

Քարլոնը նաև մատնանշել է բարձր մակարդակով շփումների թվի աճը, կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը, ամերիկա-ադրբեջանական առաջին տնտեսական երկխոսության անցկացումը և ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ խոշոր առևտրային համաձայնագրերի կնքումը։

«Նախագահ Թրամփը հստակ ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հարցում։ Եվ այն առաջընթացը, որին մենք հասել ենք անցած տարվա ընթացքում, ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք միասին»,- ասել է Քարլոնը։