Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք եք ստեղծել. Նարեկ Կարապետյան
11 Օգոստոսի 2026, 16:52
Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք եք ստեղծել։ Ազգային ժողովում դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա պնդմամբ՝ վերջին քրեական գործերն ունեն քաղաքական ենթատեքստ։
«Մարդուն դատում են միայն նրա համար, որ խոսք է տվել, թե «Ուժեղ Հայաստանի» հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է։ Իսկ Ալավերդիում մարդուն դատել են այն պատճառով, որ բաց կապով ուրիշին ասել է՝ «աշխատանքի գրանցեք»»,-ընդգծել է նա։
Կարապետյանի խոսքով՝ իշխանությունը կարող է յուրաքանչյուր գործ ներկայացնել իրեն ձեռնտու ձևով, սակայն դա չի փոխի հասարակության վերաբերմունքը։
«Դուք կարող եք ամեն ինչ կտրտել ու ներկայացնել ձեր ուզածով, բայց միևնույն է՝ չեք կարողանա համոզել ժողովրդին, թե իբր իրավացիորեն եք այսքան մեծամասնությամբ հայտնվել խորհրդարանում։ Դուք այստեղ այսքան տեղ չպետք է ունենայիք․ ձեր փոխարեն այստեղ պետք է լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,-հավելել է Կարապետյանը։