Փաշինյանը չի կարող անվերջ անորոշություն պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Սերգեյ Ստանկևիչ

13 Հոկտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցի անհրաժեշտությունը՝ երկկողմ համագործակցության հետագա ձևաչափը հստակեցնելու նպատակով։

«Երբ ասում են, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն կարող նախկինի պես լինել, պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք այսուհետ։ Անհրաժեշտ է հստակ ձևակերպել, թե ինչ նպատակներ են դրվում այդ հարաբերություններում, ինչ օգուտներ կստանան երկու կողմերը, և ինչ սահմանափակումներ է պատրաստ կողմերից յուրաքանչյուրը ստանձնել։

Չի կարելի պարզապես թաքնվել խորիմաստ թվացող առեղծվածային անորոշության հետևում։ Այդ պատճառով ես կրկին ու կրկին ասում եմ, որ անհրաժեշտ է պետական այց և անկեղծ զրույց, այդ թվում՝ Հայաստանի կառավարության ղեկավարի և Ռուսաստանի պետության ղեկավարի միջև դեմ առ դեմ հանդիպում։ Հնարավոր է՝ այդ զրույցի ոչ բոլոր մանրամասները միանգամից հրապարակվեն, սակայն այցին պետք է նախապատրաստվել և այն իրականացնել, որպեսզի այդ հարաբերություններում գոնե զգալիորեն բարձրանա կանխատեսելիության մակարդակը»,- հայտարարել է Ստանկևիչը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի այցին սպասում են նաև նրանք, որոնք ուշադիր հետևում են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և վերլուծում տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացները։

«Առայժմ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է թաքնվել անորոշության քողի հետևում՝ բոլոր հնարավորությունները հավասարապես բաց թողնելով, հնարավորինս երկար պահպանել այդ անորոշությունը՝ առանց առաջնահերթություններ սահմանելու, որևէ բան հստակեցնելու, որևէ տարբերակի վրա կանգ առնելու կամ որևէ պայմանավորվածություն ամրագրելու։

Իմ կարծիքով՝ քիչ թե շատ լուրջ պետության ղեկավարը չի կարող շարունակել նման դիրքորոշում պահպանել։ Ուստի, այնուամենայնիվ, սպասում ենք պարոն Փաշինյանին Մոսկվայում։ Նրանք, ովքեր ուշադիր հետևում են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և վերլուծում տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներն, ըստ էության, բոլորը սպասում են այդ այցին, որպեսզի գոնե որոշակի հստակություն մտնի ստեղծված իրավիճակում»,- հավելել է Ստանկևիչը։

Հիմա եթերում