Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 254-ի
12 Օգոստոսի 2026, 10:33
Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 250-ը։ Պաշոտնական տվյալներով՝ զոհվել է 254 մարդ, որոնցից 101-ը՝ Պերեյրայում, 95-ը՝ Կալի քաղաքում։ Վնասվել է 5 հազար տուն, տասնյակ շենքեր ամբողջությամբ փլուզվել են։
Փրկարարական խմբերը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները՝ փլատակներից հնարավոր ողջ մնացածներին հայտնաբերելու նպատակով։
Մի շարք շրջաններում էլ կապի խափանումները շարունակում են դժվարացնել վնասների իրական ծավալի գնահատումը։ Չոկո շրջանում բազմաթիվ համայնքներ շարունակում են մնալ առանց էլեկտրաէներգիայի։ Երեք օդանավակայան և մի քանի խոշոր ավտոմայրուղիներ փակ են։ Հազարավոր մարդիկ զրկվել են բնակարաններից և սպասում են մասնագետների եզրակացությանը՝ վնասված տների անվտանգությունը գնահատելու համար։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել է 100 հետցնցում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են ամբողջ Կոլումբիայի տարածքում, ինչպես նաև հարևան երկրներում։ Երկրի Երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ սա վերջին տասնամյակի ամենահզոր երկրաշարժն էր, իսկ ՄԱԿ-ը նշում է, որ զոհերի վերջնական թիվը և ավերածությունների ամբողջական ծավալը պարզելու համար կպահանջվի ևս մի քանի օր։