Վարելու իրավունքից զրկված արցախցիները կարող են առանց քննության ստանալ վարորդական վկայական

15 Օգոստոսի 2026, 10:00

Քաղաքականություն

«Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական»,- այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով, վերջին շրջանում նման գարգավիճակ ունեցող արցախցիները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։

Սարգսյանը հայտնել է, որ հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։

«Ուսումնասիրվել են նաև հարցի առնչությամբ տեղահանումից հետո միգրացիայի ոլորտում լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները։

Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում ենք կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ Ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ։

Այսպիսով, երկուշաբթի օրվանից կարող եք դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական՝ առանց քննություն հանձնելու։

Մեզ համար կարևոր է, որ ձեր բարձրացրած հարցերը ոչ միայն լսվեն, այլև ստանան արդար և իրավաչափ լուծում»,-ասել է Սարգսյանը։