Հայաստանի անունից բանակցողի նպատակը իշխանությունը պահելն է. Արթուր Մարտիրոսյան

22 Օգոստոսի 2023, 22:20

Կարծիք | Քաղաքականություն

«Ի՞նչ նպատակ են հետապնդում մեր բանակցողները, այսինքն Երևանը: Եթե նրանց նպատակները համընկնում եմ իմ և ձեր նպատակներին , ուրեմն այդ նպատակը պետք է լինի Արցախը հայկական պահելը, պայքարը շարունակելը, որ այն անկախ ճանաչվի, Ադրբեջանի ճնշումը չեզոքացնելը, որպեսզի ցեղասպանություն տեղի չունենա և հայերը սովամահ չլինեն», — Alpha Newsուղիղ եթերում ասել է բանակցային մասնագետ, CMPartners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե բանակցային սեղանին ի՞նչ է անում Երևանը կամ ի՞նչն է սխալ անում:

«Մենք պետք է նայենք, թե ինչ գործունեություն են ծավալում բանակցողները, որտեղ և ինչի մասին են բանակցում: Հայաստանը ընտրել է միջազգային հարթակները: Այստեղ խնդիր է առաջանում, եթե դու չես կարողանում լուծել քո առջև դրված ամենակարևորը հարցը, ինչու՞ ես շարունակում դա անել»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` նպատակը իշխանությունը պահելն է, և արված յուրքանչյուր քայլ ձևական է:

«Էյնշտեյնը այսպիսի դիպուկ խոսք ունի` ասում է. «Եթե դուք նպատակ ունեք, բայց չեք հասնում դրան ու շարունակում եք նույնը կրկնել, դա խելագարության նշան է» :

Ես չեմ համարում, որ նրանք խելագար են, բայց եթե այդպես չէ, հարց է առաջանում, արդյո՞ք նրանց ու մեր նպատակները նույնն են: Իհարկե` ո՛չ, նրանց նպատակը իշխանությունը պահելն է, և այդ ամբողջ դիվանագիտությունը, որ ծավալում են այսօր, նրա համար է, որ ներսում ժողովրդին ցույց տան՝ ինչ մեծ ծավալի աշխատանք են անում:

Բայց միջազգային հանրությունից Ադրբեջանին ուղված ճնշում մենք չենք տեսնում, և եթե դա չի աշխատում, ուրեմն, պետք է մեր մտածելակերպի մեջ որևէ բան փոխենք, որ հասնենք մեր նպատակներին»,- վստահեցրել է Մարտիրոսյանը: