ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ uտnւմ է. Արա Զոհրաբյան
27 Օգոստոսի 2026, 17:06
Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի ելույթին։
Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ …. Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա:»:
Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է:
Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:
Երկրորդ, ՀՀ, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձին:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից:
Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:
Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ»։
