Մոսկվան Երևանից հստակություն է ակնկալում հիմա․ Սերգեյ Ստանկևիչ

01 Սեպտեմբերի 2026, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Ներկայում Մոսկվայի և Երևանի միջև հաղորդակցությունը հիմնականում հանգում է մեկ առանցքային հարցի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ընտրությանը։ Այս մասին Alpha News-ին ասել է քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները հայտարարում են ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունից և դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու, ինչպես նաև երկիրը փուլ առ փուլ Բրյուսելի ազդեցության գոտի տեղափոխելու մասին։

«Միևնույն ժամանակ, Մոսկվային հետևյալ ազդակն է հղվում․ մենք առայժմ չենք խզում հարաբերությունները, ցանկանում ենք պահպանել նախկին տնտեսական կապերը, արտոնյալ պայմաններով առևտուրը և ռուսական ռեսուրսներից օգտվելու հնարավորությունը։ Իսկ երբ վերջնականապես անցնենք Արևմուտքի կողմը և նոր դաշնակիցների կողմից լիարժեք փոխարինում ստանանք, այդ ժամանակ արդեն կհեռանանք։ Ըստ էության, առաջարկվում է պահպանել հարաբերությունների ներկայիս ձևաչափը և շարունակել սուբսիդավորել ՀՀ-ին»,- նշել է Ստանկևիչը։

Քաղաքագետի խոսքով՝ նման հայտարարություններն ուղղակիորեն չեն հնչում, սակայն հենց այդպիսի իմաստ է նկատվում Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողություններում։

«Մոսկվան առայժմ զգուշավոր սպասողական դիրքորոշում է որդեգրել և կտրուկ քայլերի չի դիմում։ Այս աշխարհաքաղաքական շրջադարձին առայժմ ակտիվ արձագանք չկա, քանի որ Մոսկվայում կարծում են, որ այդ ընտրությունը դեռ վերջնական չէ, և դրա շուրջ կարելի է քննարկումներ անցկացնել։ Այդ քննարկումները կշարունակվեն։

Կարծում եմ՝ ՌԴ նախագահի կողմից կրկին կհնչի հիշեցում այն մասին, որ Մոսկվան, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ մյուս պետությունները կցանկանային, որ Երևանը որոշակիություն մտցնի արդեն հիմա, այլ ոչ թե երեք-չորս տարի անց, երբ դեպի Արևմուտք հեռանալու գործընթացը լիովին պատրաստված կլինի»,- ասել է Ստանկևիչը։