Սա Հայաստանի զարկերակն է. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի շուրջ ստեղծված վտանգների մասին
11 Սեպտեմբերի 2026, 10:20
Տիգրանաշենը ռազմավարական նշանակության մայրուղի է, որը Հայաստանը կապում է Իրանի հետ։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից օրեր առաջ Տիգրանաշենի վերաբերյալ արված հայտարարություններին։
Նրա խոսքով՝ տարեկան այստեղով անցնում է շուրջ 100 հազար բեռնատար, որոնք տեղափոխում են մոտ 2 միլիոն տոննա ապրանք։
«Այն միացնում է Սյունիքը, Վայոց Ձորը և Հյուսիսային Հայաստանը։ Տարածքի հնարավոր հանձնման դեպքում Ադրբեջանը, օգտագործելով նավթադոլարների հնարավորությունները, կարող է այն բնակեցնել ադրբեջանցիներով՝ ուղղակի վտանգ ստեղծելով մայրաքաղաք Երևանի և հարակից բնակավայրերի համար: Տիգրանաշենի հատվածում ադրբեջանական ներկայությունը կխաթարի Հայաստանի հարավն ու հյուսիսը կապող միակ հիմնական լոգիստիկ և տրանսպորտային զարկերակը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ իշխանությունների վարած տարածքների զիջման քաղաքականությանը հակադրվում է զարգացման հայեցակարգը, որը նախատեսում է այս տարածաշրջանում ստեղծել ժամանակակից լոգիստիկ և տուրիստական հանգույց՝ հայրենիքը պահելու և զարգացնելու նպատակով: