ԲՐԻԿՍ երկրները ստեղծում են միասնական վճարային ցանց․ BRICS Pay-ը՝ SWIFT-ի և Visa-ի այլընտրանք

13 Սեպտեմբերի 2026, 20:40

Տնտեսություն և Բիզնես

«BRICS Pay»-ը ԲՐԻԿՍ անդամ երկրների կողմից ստեղծվող ապակենտրոնացված վճարային հաղորդագրությունների համակարգ և անկախ միջազգային ծառայություն է։ Դրա նպատակն է հեշտացնել անդամ երկրների միջև ֆինանսական հաշվարկները, նվազեցնել դոլարից և եվրոյից կախվածությունը և առաջարկել այլընտրանք «SWIFT», «Visa» և «Mastercard» համակարգերին։

Հարթակը չի փոխարինում ազգային վճարային ծառայություններին, այլ դրանք միավորում է ընդհանուր տեխնոլոգիական շտեմարանի միջոցով։ Այդ համակարգում ներառվում են Ռուսաստանի «Мир» և «СБП» ծառայությունները, Չինաստանի «UnionPay» և «WeChat Pay» համակարգերը, Հնդկաստանի «UPI»-ն, Բրազիլիայի «Pix»-ը և այլ ազգային վճարային հարթակներ։

Գործարքները կարող են իրականացվել անմիջապես ազգային արժույթներով կամ կենտրոնական բանկերի թվային արժույթների կիրառմամբ։ Սա հնարավորություն է տալիս խուսափել դոլարի միջոցով փոխարկումից և նվազեցնել գործարքների միջնորդավճարները։

Համակարգը նախատեսվում է դարձնել ապակենտրոնացված․ սերվերները կտեղակայվեն մասնակից բոլոր երկրներում, ինչը, ըստ նախագծի հեղինակների, կդժվարացնի համակարգի արտաքինից անջատումը կամ արգելափակումը։

«BRICS Pay»-ը նախատեսում է կիրառման տարբեր սցենարներ՝ ինչպես բանկերի միջև իրականացվող միջբանկային և կորպորատիվ հաշվարկների, այնպես էլ ֆիզիկական անձանց վճարումների համար։ Վերջիններս կարող են իրականացվել բջջային հավելվածի միջոցով՝ ազգային բանկերի քարտերով կամ արտերկրում QR կոդերի կիրառմամբ։

Նախագիծը ներկայացվում է որպես Գլոբալ Հարավի երկրների միջև ֆինանսական համագործակցության տեխնոլոգիական ենթակառուցվածք, որի հիմնական շեշտը դրվում է վճարային մեխանիզմների զարգացման վրա, այլ ոչ թե միասնական արժույթի ստեղծման։

Հիմա եթերում